Ամեն ինչ ու բոլորին էի կարոտել. Շվեդիայում բնակություն հաստատած Իռեն Աբելյանը Հայաստանում է
LIFE
Ամուսնությունից հետո Շվեդիայում բնակություն հաստատած Իռեն Աբելյանն արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում է: Դերասանուհին Հայաստան է եկել հատուկ ու կարեւոր նպատակով` ծանոթացնել որդուն իր հարազատների հետ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Իռենը պատմեց, որ շատ հուզիչ է եղել որդու եւ հարզատների հանդիպումը:
«Տղաս շատ ժպտերես ու մարդամոտ է: Երբ առաջին անգամ տեսավ հարազատներիս, անմիջապես նրանց մոտ գնաց: Կարծես ճանաչում էր, վաղուց չէր տեսել ու կարոտել էր: Հարազատներս էլ, բնականաբար, անհամբեր սպասում էին մեզ ու վերջապես կարողացան գրկել ու սիրել տղայիս»,- նկատեց նա:
Ի դեպ` Իռեն Աբելյանն արդեն իսկ մտածում է որդու մկրտության մասին, միայն թե ինքն ու ամուսինը դեռ չեն որոշել այդ կարեւոր իրադարձությունը Հայաստանում, թե Շվեդիայում իրականացնեն:
Մեկ ամիս է անցել, ինչ Ի. Աբելյանը Երեւանում է, բայց դեռ կարոտը չի հագեցրել.
«Ամեն ինչ ու բոլորին էի կարոտել: Որքան էլ ցանկանամ կարոտս առնել, երեւի ավելի կարոտած հետ կգնամ: Այս մեկ ամիսը շատ արագ անցավ, դեռեւս չեմ հասցրել տեսնել բոլոր ընկերներիս: Գրեթե ամեն օրս պլանավորված է: Շատ երջանիկ եմ, որ ինձ դեռ հիշում են եւ հարաբերություններս էլ ընկերներիս հետ առավել ջերմացել են»,- ժպիտով պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե իր բացակայությունից հետո ինչ փոփոխություններ Իռենը նկատեց Հայաստանում, պատասխանեց.
«Միակ փոփոխությունը մեր ժողովրդի սոցիալական վիճակի ավելի վատթարացումն է, որի գիտակցումը ոչ մի կերպ հանգիստ չի թողնում ինձ»:
Շուտով Իռեն Աբելյանին կմիանան ամուսինն ու նրա հարազատները: Դերասանուհին անհամբեր սպասում է նրանց, որպեսզի միասին հաճելի ժամանակ անցկացնեն հայրենիքում:
Իռենն ընտանիքի հետ կվերադառնա Շվեդիա օգոստոսի վերջին: Նրա խոսքով` դժվարությամբ է պատկերացնում բաժանումը սիրելի երկրից ու հարազատներից.
«Անշուշտ, շատ դժվար կլինի բաժանումը, բայց հոգեպես տրամադրված եկել եմ` գիտակցելով, որ այս երկու ամիսները երազի նման կանցնեն: Չեմ սիրում տրվել էմոցիաներին եւ զուր տեղն ինձ տանջել: Հարմարվում եմ հեռավորության հետ, հիմնվում եմ այնտեղ: Կարեւորը ունեմ իմ երազած ամուսինը եւ առայժմ առաջնեկիս, իսկ մնացաը լուծելի հարցեր են: Մշտապես առիթը կօգտագործեմ ծնողներիս եւ հարազատներիս հետ հաճախ տեսնվելու»,- հավելեց դերասանուհին:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան




















































