5 օրն ի՞նչ է, որ տարվա մեջ չենք ուզում հատկացնել հանգուցյալների հիշատակին. հոգևորականը՝ մեռելոցը աշխատանքային օր դարձնելու մասին
SOCIETYՈրոշումները շատ շուտ են փոխվում. Tert.am-ի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ տեղեկանալով, որ տաղավար տոներից Վարդավառին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային:
Նշենք, որ Կառավարությունն այսօրվա իր նիստում հուլիսի 24-ը տաղավար տոնին հաջորդ ոչ աշխատանքային սահմանելու վերաբերյալ որոշում չի կայացրել:
«Բոլորս Հայաստանում ենք ապրում, շատ անգամ պետության, պետական, ազգի շահը ստորադասվում է անհատական ինտրիգներին»,-ասաց նա:
Հարցին, թե սրանով կարելի՞ է եզրակացնել, որ եկեղեցական տոները ստորադասվում են՝ հոգևորականը նշեց. «Տարին ունի 365 օր, կարելի՞ է 360 օր ապրել մեզ համար, այն 5 օրը հանգուցյալների հիշատակի համար ապրենք: Հինգ օրն ի՞նչ է, որ տարվա մեջ չենք ուզում հատկացնել»,- ասաց նա և հիշեցրեց մեռելոցները ոչ աշխատանքային լինելու որոշումը կայացրել էր Տիգրան Սարգսյանն իր վարչապետ եղած ժամանակաշրջանում:
«Տեսա՞ք ինչ եղավ, ինչեր գրեցին, ասում են՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը, հիմա ասում ենք ոչ աշխատանքային լիներ, վա՞տ էր, դա էլ պետության հիմնավորման մի ատրիբուտն է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե պատճառաբանում են, որ դրանով տնտեսությունը տուժում է, քահանան հակադարձեց. «Ի՞նչ է հիմա ծաղկում է, այդ երեք օրը, որ աշխատո՞ւմ են՝ ծաղկո՞ւմ են»:



