Դատավոր Խախլյովայի և գողական աշխարհի կապերը` ըստ Վլադիմիր Սոլովյովի. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջերս ռուսական մամուլում մեծ արձագանք էր գտել Կրասնոդարի երկամասի դատավոր Լենա Խախլյովայի դստեր հարսանիքի մասին տեղեկությունը: Դեռևս հունիս ամսին կայացած հասանեկան արարողության մասին օրերս հայտնել էր փաստաբան Սերգեյ Ժորինը: Նա նշել էր, թե ինչ ճոխության ու շքեղության հարսանիք է եղել, նաև տեղեկացրել, որ դրա կազմակերպման համար ծախսվել է մոտ 2 մլն դոլար: «Սա խնջույք է ժանտախի ժամին»,– իր Instagram–ում գրել էր փաստաբանը:
Այս լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել: Բանը հասել էր նրան, որ ստիպված էր եղել արձագանքել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Կրեմլի խնդիրը չէ որևէ ձևով արձագանքել նման դրսևորումների»,– նշել էր նա՝ նկատելով, որ նման բաների կարող են ավելի «ուշադիր հետևել» այլ գերատեսչություններ:
Եվ ահա երկու օր առաջ ի հայտ են եկել նոր տեղեկություններ: Հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր էջում տեղադրել է մի տեսագրություն: 1997 թ. թվագրված այդ տեսագրության մեջ հարցաքննվում է քրեական հեղինակություն Ռևազ Բուխնիկաշվիլին՝ նույն ինքը Պեցոն: Նա նշում է, որ ծնվել է Դոնեցկում, իսկ Կրասնոդարում ապրում է իր ազգականի մոտ, ում անունը Լենա Խախլյովա է: Բայց թե իր ազգականն ինչ է աշխատում, Պեցոն չի նշում:
Այս առթիվ Սոլովյովը հեռակա հարց է հղում դատավոր Խախլյովային. «Օրենքով գողը» Ձե՞ր մասին է խոսում»:
Բացի «օրենքով գողերի» հետ ազգակցական կապեր ունենալը, հնարավոր է մեկ այլ տհաճ բացահայտում դատավորի համար ևս: Կասկածներ են առաջացել, որ դատավորի՝ Թբիլիսիի համալսարանի ստացած դիպլոմը կեղծ է: Այս տեղեկությունը ևս Վլ. Սոլովյովին հետաքրքրել է, և նա պարզաբանումներ է ակնկալում դատավորից. «Իսկ դիպլոմն իսկակա՞ն է: Թբիլիսիից ստացված պատասխանից դատելով՝ կեղծ է»: Այս առթիվ Կրասնոդարի երկրամասի դատավորների խորհուրդը դիմում է ուղարկել Թբիլիսիի պետական համալսարան՝ պարզելու, արդյոք դատավոր Խախլյովան ստացե՞լ է իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ:
Մեկ հարցում, սակայն, դատավոր Խախլյովան կարող է հանգիստ լինել: Թեպետ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ դստեր հարսանիքի վրա Խախլյովան ծախսել է 2 մլն դոլար, սակայն Կրասնոդարի երկրամասի դատավորների խորհուրդը սեփական հետաքննություն է իրականացրել և պարզել հետևյալը: Հարսանեկան արարողության կազմակերպումը վճարել է Խախլյովայի նախկին ամուսին, ձեռներեց Ռոբերտ Խախլյովը: Ընդ որում, ընդհանուր ծախսերը չեն գերազանցել 4,5 մլն ռուբլին (մոտ 76000 դոլար): Համապատասխան փաստաթղթերը տրամադրել են ռեստորանը և այն ընկերությունները, որոնք զբաղվել են կազմակերպչական աշխատանքներով:
Իսկ մամուլում նշվել էր, որ միայն հարսանեկան արարողությանը ելույթ ունեցած ռուսական էստրադայի աստղեր Վերա Բրեժնևայի, Վալերի Մելաձեի ու Իոսիֆ Կոբզոնի հոնորարը կազմել է 400000 եվրո: Իր հերթին, հարսանիքի «թամադա» Նիկոլայ Բասկովը РИА Новости–ին ասել էր, որ «ընկերներից կողմից նվեր էր» և Խախլյովայի հետ որևէ ֆինանսական հարաբերության մեջ չի մտել: «Ժամանակին Թելման Իսմայիլովը կազմակերպել էր իմ ծննդյան տարեդարձը: Ես նման գումար չունեի, ինձ նվեր էր մատուցել, ինչի համար շնորհակալ եմ: Մի՞թե դա վատ է»,– հավելել էր երգիչը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



