Հայաստանի մասին ֆիլմերը, հոդվածներն ու տեսանյութերը երկու ամսում դիտվել են 2 մլն անգամ
SOCIETYՀայաստանի մասին ֆիլմերը, հոդվածներն ու տեսանյութերն ապահովել են 2 մլն դիտում 2-3 ամսում: Սա նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի PR և մարքետինգային նախաձեռնությունների արդյունքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Մեր PR և մարքետինգային նախաձեռնությունների շնորհիվ` 2-3 ամսում Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Կորեայից, Ռուսաստանից, Իսրայելից, Ֆիլիպիններից, Հնդկաստանից մոտ 20 լրագրող: Դրա արդյունքում նկարվել է 6 ֆիլմ, ավելի քան 40 տպագրված հոդված միջազգային մամուլում, ինչն ապահովել է 2 մլն դիտում»,-ասաց Զարմինե Զեյթունցյանն ու հավելեց, որ նաև Ռուսաստանից Հայաստան են ժամանել Авто+ հեռուստաալիքից, որն արդեն 2 ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին:
Նրա խոսքով` կոմիտեն աշխատում է նաև ավիաընկերություններից մեկի հետ` Ռուսաստանից ԶԼՄ-ների ճանաչողական այց կազմակերպելու համար: Շուտով կժամանի նաև “ОРТ” հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի թիմը, որը ևս մեկ հաղորդում կնկարահանի Հայաստանի մասին:
«Շուտով Հայաստան կժամանի նաև հայտնի խոհարարական գրքերի հեղինակ Նիկա Գանիչը, որը ունի մոտ 36.000 բաժանորդ: Նա Հայաստանի մասին զբոսաշրջային հաղորդում կստեղծի և կհրատարակի գիրք»,-եզրափակեց Զարմինե Զեյթունցյանը:



