Մի ստատուսի հետքերով
SOCIETY«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զառա Բաթոյանն օրերս ահազանգել էր, որ շատ է հանդիպում մի խնդրի, որը, ըստ նրա, նախ կապված է հասարակական գիտակցության, գուցե նաև, կարգուկանոնի հետ:
«Փողոցներում՝ թեքահարթակների դիմաց, մեքենաներ են կայանում և փողոցն անցնելը սայլակով անհնար է դառնում: Կարո՞ղ ենք գոնե ՃՈ-ին խնդրել, որ նման դեպքերում զգուշացնեն վարորդներին: Խոսքը գծանշված անցումների մասին չէ, այլ այն տեղերի, որտեղ գուցե հետիոտնի գծեր չկան, բայց քիչ թե շատ հարմար թեքահարթակ կա»,- հարցն ուղղելով ՀՀ ոստիկանությանը և պատկան մարմիններին՝ ասել էր Բաթոյանը:
Երեկ արդեն Զառա Բաթոյանը տեղեկացրել է, որ ոստիկանապետն արդեն տեղյակ է խնդրի մասին: Բանն այն է, որ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է առանձնակի հոգածությամբ վերաբերվել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց և օգնել նրանց տեղաշարժվելիս:
Բաթոյանը ֆեյսբուքում արձագանքել է. «Ոնց հասկացա, սա երկու օր առաջ ստատուսի արձագանքն է, ուղղակի չգիտեմ՝ հրահանգն այսպես ընդհանուր է եղել, թե կոնկրետ նշվել է՝ որն է խնդիրը և ինչին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել»: Նա շնորհակալություն է հայտնել Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանին և նշել, որ հուսով է՝ հրահանգն ավելի կոնկրետ է եղել:
Լիլիթ Լալայան



