Հուրգադայում, որտեղ զինված հարձակումից ՀՀ 2 քաղաքացի էր տուժել, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
INTERNATIONAL NEWSԵգիպտական Հուրգադա առողջարանային քաղաքի Sunny Days El Palacio Resort-ի լողափում տեղի ունեցած հարձակումից հետո անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: 
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հրահանգվել է ուժեղացնել անվտանգությունը քաղաքի մուտքերի մոտ, հատկապես մանրակրկիտ ստուգումների են ենթարկվում փաստաթղթերը և ներս են թողնում միայն այնտեղ ապրող կամ աշխատող անձանց կամ զբոսաշրջային խմբերին:  
Նշվում է, որ ոստիկանությունը հրահանգ է ստացել ստուգել բոլոր բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր չեն աշխատում, բայց բնակվում են Հուրգադայում:
Գործակալության աղբյուրի հաղորդմամբ` դանակով հարձակման հետևանքով զոհված 2 կանայք Գերմանիայի քաղաքացիներ են:  
Հյուրանոցի տնօրինության հաղորդմամբ` տուժածների շրջանում Չեխիայի քաղաքացի կա: Նրա խոսքով` երկու զբոսաշրջիկները սպանվել են հարևան Zahabia Hotel հյուրանոցում: «Հարձակվողը փախչելիս անցել է մեր հյուրանոցով և վիրավորել մարդկանց: Հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը», - ասել է հյուրանոցի ղեկավարը: 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տուժածների թվում երկու ՀՀ քաղաքացի կա, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
			
			
			
			
			
				
			
			
			


