Արա Աբրահմյանը՝ երկրորդ Գագիկ Ծառուկյա՞ն. «Հայազն»-ի տեսակետը
INTERVIEW
Ազգային գաղափարախոսություն ունեցող «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի համար ամենևին զարմանալի չէին Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի հայտարարությունները: Հիշեցնենք, որ օրերս Աբրահամյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում քաղաքական իր հավակնությունների մասին, չմոռացավ ավելացնել, որ Պուտինը «միշտ ճիշտ է», թե ինքը ռուս է, ապա միաժամանակ պնդեց, որ հայ է:
«Քաղաքական դաշտում այդ տեսակի գործիչները նորություն չեն մեզ համար, շատ ենք ունեցել, ամիսներ առաջ մի քանի հոգի նույնպես արտահայտվել էին, բայց հասարակությունը, հուրախություն մեզ բոլորիս, բուռն կերպով բացասական կերպով արձագանքեց»,- Past.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մկրտչյանը՝ հավելելով, որ ցավալի է այն հանգամանքը, որ ասուլիսը կայացել է Գիտությունների ազգային ակադեմիայում, գիտնականների շրջապատում, սակայն ոչ մի գիտնական չփորձեց միջամտել և նրան դուրս հրավիրել ԳԱԱ-ից:
«Նման անգրագետ ձևակերպումներով քաղաքական գնահատականներ տալը և սեփական ազգին մի քանի անգամ ուրանալը, կարծում եմ, արժանի էր միայն վռնդման»,- վրդովված ասաց երիտասարդ քաղաքական գործիչը: Խոսելով Աբահամյանի քաղաքական հավակնությունների մասին՝ նա նշեց, որ նոր Սահմանադրությունը թույլ է տալիս, որպեսզի ձևավորվեն նման տեսակի նման ուժեր, որոնք 2017 թվականից ձևավորվելիք խորհրդարանում առկա ընդդիմադիր ձայները կարող են բաժանել իրար մեջ:
Անդրադառնալով տեսակետին, թե Արա Աբրահամյանը հավակնում է դառնալ հայկական Բիձինա Իվանիշվիլի կամ զբաղեցնել Գագիկ Ծառուկյանի տեղը, Մկրտչյանը հայտնեց սեփական տեսակետը.
«Բիձինա Իվանիշվիլի դառնալու համար անհրաժեշտ է ինտելեկտ, իսկ որպես քաղաքական դեմք Գագիկ Ծառուկյան կարող է լինել ՀՀ ցանկացած քաղաքացի, ով ունի որոշակի գումար և կարող է կուսակցությունում աշխատողներ պահել»:
Հարցին՝ արդյոք վերջինս կարո՞ղ է ընտրվել, մեր զրուցակիցն ասաց, որ չի հավատում, որ ժողովուրդն այդքան իջեցրել է քաղաքական ընտրության մակարդակը, որ նման գաղափարներով քաղաքական ուժի ձայն տա:
«Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ընտրությունները սովորաբար կեղծվում են, և եթե իշխանություններին պետք է, որ նման ուժ լինի ապագա խորհրդարանում, իսկ մենք էլ չկարողանանք կեղծիքների դեմն առնել, ապա շատ հնարավոր է, որ Արա Աբրահամյանը հայտնվի ԱԺ-ում»,- եզրափակեց խոսքը Արմեն Մկրտչյանը:
Լիլիթ Լալայան




















































