Գավառ քաղաքում մեկնարկել են ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները
SOCIETYԳավառ քաղաքում հունիսի վերջերից ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակում մեկնարկել եւ ընթանում են ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության տնօրեն Լիլիա Շալունցը, մարզում ֆրանսախոսության զարգացման ծրագիրը համապատասխանում է 2 կողմերի ցանկությանը՝ ի շահ ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի տարածման եւ զարգացման:
«Ֆրանսախոսության զարգացման ծրագրի շրջանակում 2008 թվականից ի վեր Գավառում վերապատրաստվել են ավելի քան 600 ուսանող: Այս վերապատրաստումը հիմնականում նախատեսված է դպրոցականների եւ ուսանողների համար: Ուսանողները հիմնականում դպրոցականներ կամ չափահաս մարդիկ են Գավառ քաղաքից եւ շրջակա գյուղերից: Նրանց թիվը տարեկան 140 հոգի է՝ տեղաբաշխված տարբեր մակարդակների խմբերում: Պարապմունքների համար սահմանված է 160 ժամ՝ օրական 3 ժամ 30 րոպե եւ շաբաթական 5 օր հաճախականությամբ: Դասընթացները վարում են «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության լեզվի կենտրոնի դասախոսները»,-պատմեց Լիլիա Շալունցը:
«Իմ մարզը եւ ես» ստեղծագործական ատելյեի շրջանակներում նախատեսվում են Ֆրանսերենի կատարելագործման դասընթացներ, միջոցառումներ ուսանողների հետ՝ համատեղ ընտրված որեւէ թեմայի շուրջ, միջոցառումների կազմակերպում ատելյեի մասնակիցների կողմից այլ մակարդակներում ներգրավված ուսանողների մասնակցությամբ: Ստեղծագործական այս ատելյեին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր արդեն ավարտել են ընդհանուր ֆրանսերենի հիմնական կուրսը եւ ցանկություն ունեն՝ պահպանել եւ ամրապնդել իրենց գիտելիքները: Նախատեսվում է նաեւ հայերեն-ֆրանսերեն զրուցարանի խմբագրում եւ հրատարակում, զրուցարանի տարածում ֆրանսիացիների շրջանում: Դասընթացները կավարտվեն օգոստոսի վերջերին, ինչից հետո կկազմակերպվի ավարտական միջոցառում, որի ընթացքում ուսանողներին կհանձնվեն վկայականներ:



