Թիվ 46 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվել է. 23-ամյա Մաթեւոսը խոստովանել է
SOCIETYՀուլիսի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 39-ամյա Նաիրա Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 22.15-ից 22.45-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայի «Տաշիր» առեւտրի կենտրոնի կանգառից մինչեւ Ազատության պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի կանգառն ընկած ճանապարհահատվածում, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են մոտ 6.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել են 133 դոլար եւ 30.000 դրամ՝ պատճառելով 90.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթեւոս Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:



