Մանո Գրիգորյան. «Մենք միտում չունենք Յանային ավելի հայտնի դարձնելու, մենք պարզապես չէինք կարծում, որ նա դերասանական հակումներ ունի»
LIFEՍարգիս Գրիգորյանի և Մանո Գրիգորյանի ավագ դուստրը՝ Յանան, նկարահանվել է «Դեպի վայրէջք» հեռուստասերիալում, որը հեռարձակվում է Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերով: Սա փոքրիկ Յանայի դերասանական առաջին փորձն է, իսկ նրան սիրողները կարող են հետևել և տեսնել նրա տեսանյութերը, լուսանկարները, փոքրիկի Ինստագրամի էջում:
«Յանայի Ինստագրամի էջն այս տարվա սկզբին ենք բացել: Այդ ժամանակ անգամ մեր մտքով չէրանցնում, որ նա կարող է նկարահանվել հեռուստաֆիլմում և սիրվել հեռուստադիտողի կողմից: Յանան բավականին հետաքրքիր երեխա է, հետաքրքիր բաներ է անում, մենք էլ սկսեցինք փոքր վիդեոներ անել նրա մասնակցությամբ և դրանք տեղադրեցինք Ինստագրամում: Հետո, երբ սկսեց նկարահանվել, շատ մարդիկ սկսեցին հետաքրքրվել՝ ինչպիսին է նա, ինչ է անում, և հիմա ակտիվ պահում ենք նրա Ինստագրամը: Միտումնավոր ոչինչ չի եղել»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Մանոն:

Մանոն պատմում է, որ այս կարճ ժամանակվա ընթացքում հեռուստադիտողը Յանային շատ է սիրել. «Դեռ սերիալի երեք սերիան էր ցուցադրվել եթերով, երբ խանութ էի մտնում, ինձ ասում էին՝ դուք Յանայի մա՞յրն եք, Յանան ձեր դո՞ւստրն է: Շատերն էլ գրում են, որ առաջին անգամ են տեսնում, որ երեխան այսպես անկեղծ խաղա: Յանան անգամ ֆան էջ ունի, որի հետ մենք բացարձակ կապ չունենք, նույնիսկ չգիտեմ՝ ով է, ակտիվ հետևում է Յանային:
Յանան բավականին լուրջ, մեծի պես է վերաբերվում իր էջին, և այն ամենին, ինչ նրա հետ կատարվում է։ Մենք երեկ հաղորդման էինք, ինձ հարցնում է՝ ինչ պետք է խոսեմ, ինչ ասեմ, որ ծիծաղելի չլինի: Նա բավականին պատասխանատվությամբ է վերաբերվում աշխատանքին: Երբ նկարահանման ժամանակ ասում են՝ ստոպ, նորից սկսեցինք, նա հասկանում է, որ աթոռը պետք է նորից հետ դնի, որ նորից սկսի: Ի դեպ, դրա մասին ոչ ոք չի ասել»:

Ի դեպ, ֆիլմում բավականին դրամատիկ պահեր են եղել, որտեղ Յանան արտասվել է, և ինչպես Մանոն է ասում, ինքն էլ այդ պահին հուզվել է. «Իրականում նրա համար դժվար է եղել, որովհետև տեսարաններ են եղել, որ նրան թվացել է՝ իրական է ամեն ինչ, քանի որ երեխա է, չի հասկացել: Երբ ոստիկանները Սարգսին տանում էին, Յանան շոկ է ապրել, սկսել է գոռալ. նրան թվացել է, որ իրոք այդպես է»:


Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



