Խաղալիք գնելիս ուշադի՛ր եղեք
SOCIETYՊարզվում է՝ խաղալիքի շուկայում թեև մենաշնորհ չկա, բայց խոշոր խաղացողներ կան: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Կազմակերպության վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստան ներմուծվող խաղալիքները որևէ ստուգում չեն անցնում և դրա պատճառով դժվար է հասկանալ, թե ներմուծված ապրանքը իրականում վտանգավո՞ր է երեխաների առողջության համար, թե՝ ոչ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ վաճառվող խաղալիքների 98%–ի սերտիֆիկատները վաճառողները չեն կարողացել տրամադրել, իսկ սպառողների մեծ մասը խաղալիքները չի գնում մասնագիտացված խանութներից: Նրանք անգամ չգիտեն, որ խաղալիքները պետք է սերտիֆիկատ ունենան, ինչը երաշխիք է, որ խաղալիքն անվտանգ է:
Պիպոյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հարցի մասին պարզաբանում ստանալու համար դիմել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և եթե պարզվի, որ այն տեխնիկական խնդրի հետևանք է՝ ոչ մի քայլ չի անի: Բայց եթե պարզի, որ այդտեղ մութ գործարքներ կան, ապա միջոցներ կձեռնարկի:
Նա նաև իրազեկել է, որ խաղալիք ձեռք բերելիս հարկավոր է ուշադրություն դարձնել մակնշմանը, ստուգել անվանումը, արտադրող երկիրը, արտադրողի ապրանքային նշանը, արտադրման տարեթիվն ու պիտանելիության ժամկետը:
Հարկավոր է նաև ուշադիր լինել, թե տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ խաղալիքը և պարտադիր պահանջել անվտանգությունը հավաստող սերտիֆիկատը` վստահ լինելու համար, որ խաղալիքը երեխայի համար անվտանգ է:



