Հինգ ՔԿՀ-ներում բժշկական սարքավորումներ են տեղադրվել՝ 200 հազար եվրո արժողությամբ
SOCIETYԵվրամիության ֆինանսավորմամբ Արեւելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում մեկնարկած «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում շուրջ 200.000 եվրո արժողությամբ արդեն իսկ ձեռք բերված սարքավորումներն ու պարագաները այս օրերին տեղադրվում են ՀՀ քրեակատարողական հիմնարկներում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, վերոնշյալ սարքավորումները տեղադրվել եւ գործարկվել են «Արթիկ», «Վանաձոր», «Կոշ», «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Առաջիկայում դրանք կտեղադրվեն նաեւ մնացած բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւս:
Բժշկական սարքավորումների թվում են ատամնաբուժական հավաքածու (բազկաթոռ եւ լրակազմ, ատամնաբուժական ռենտգեն սարքավորում, ատամնաբուժական գործիքների հավաքածու), ավտոկլավ 12լ., ԷՍԳ, մանրէազերծիչ տաք, չոր օդային 50լ. սարքավորում, վիրաբուժական գործիքների հավաքածու, օտտոսկոպ եւ օֆտալմոսկոպ եւ այլ սարքավորումներ ու գործիքներ:



