Արմավիրում խմելու ջրով են ոռոգում կատարում
SOCIETYԱրմավիրի մարզի Արևիկ գյուղում ոռոգումը կատարվում է խմելու ջրով, քանի որ ոռոգման ջրատարներն արդեն քանի օր է դատարկ են:
Գյուղապետարանի աշխատակից Յուրի Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում չնշեց, որ ոռոգումը կատարվում է խմելու ջրով, միայն ասաց, որ գյուղում ոռոգման խնդիր կա:
«Ժամով ենք ջուրը բնակիչներին տալիս, օրվա մեջ երկու անգամ՝ երկու ժամ առավոտը, երկու ժամ երեկոյան»,- հայտնեց Գրիգորյանը:
Արևիկցիներից Հրաչիկ Խաչատրյանը հակադարձեց գյուղապետարանի աշխատակցին։ «Մարդիկ փող են տալիս և խմելու ջրով ոռոգում են կատարում: Որ ջուր չկա, ինչո՞վ ջրեն»,- ասաց նա:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդեն քանի օր է՝ ջուրը ոռոգման ջրատարներով չի հասնում համայնք:
«Բենզինով պոմպ եմ վերցնում, որ կարողանամ այգիներս ջրել»,- նշեց Խաչատրյանը:
Բացի ոռոգման խնդրից, Արևիկում շահագործվում է չնախատեսված աղբավայր: Այն գտնվում է Արևիկից Տանձուտ գյուղ գնացող ճանապարհի անմիջապես կողքին։
«Այդ աղբավայրերի հետ կապված գյուղապետին կանչեցին մարզպետարան, որից հետո ամեն ինչ տեղը տեղին մաքրեցինք, ամեն ինչ արեցինք։ Բայց որ բնակիչը մեքենայով գալիս, կանգնում է և աղբ է նետում, ի՞նչ անենք»,- ասաց գյուղապետարանի աշխատակից Յուրի Գրիգորյանը:
Նրա տեղեկացմամբ՝ գյուղում տրակտորը ամեն օր շրջում է փողոցներով, աղբը հավաքում և տանում է նախատեսված աղբավայրեր:
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից մայիս ամսին մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որից հետո Հայաստանի տարածքում գույքագրված 2029 աղբանոցներից 1480-ն արդեն փակվել է, առաջիկայում նախատեսվում է փակել ևս 272-ը։ Հայաստանում այսօր գործում է 277 հիմնական աղբավայր, որտեղ տեղափոխվում է հարակից համայնքների ամբողջ աղբը։



