4-ամյա երեխայի մահվան համար դաստիարակչուհին դատապարտվեց 3 ամսվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի
SOCIETYԴեբեդ գետի ափին այս տարվա փետրվարին մահացած հայտնաբերված 4-ամյա երեխայի մահվան գործով դատավճիռ է կայացվել:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործով ամբաստանյալ, մանկապարտեզի դաստիարակչուհի Գայանե Մալխասյանը հայտարարել է, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանն ընդունել է միջնորդությունը: Դաստիարակչուհին մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 3 ամսվա ազատազրկման: Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալավերդիի մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհի Գայանե Մալխասյանը փետրվարի 14-ին ժամը 09:30-ի սահմաններում անուշադրության է մատնել մանկահասակ Ռոբերտին: Առանց հսկողության թողնված երեխան դուրս է եկել հաստատության շենքից, ապա տարածքից և գնացել դեպի Դեբեդ գետը: Նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, մանկահասակ Ռոբերտի դին հայտնաբերվել է հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:
Նշենք, որ դեպքից անմիջապես հետո դաստիարակչուհին եւ մանկապարտեզնի տնօրենն աշխատանքից ազատվել են: Խոսակցություններ կային, որ տնօրենին նույնպես պետք է մեղադրանք առաջադրվեր:



