Նալբանդյանը առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Խորվաթիայի դեսպանին
POLITICSՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 7-ին ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Խորվաթիայի դեսպան Իվան Վելիմիր Ստարչևիչին (նստավայրը՝ Աթենք): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Խորվաթիայի միջև ձևավորված փոխգործակցությունը և կարևորեց դեսպան Ստարչևիչի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար՝ Խորվաթիայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում փոխգործակցության, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության շուրջ։



