Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար է բացվել
SOCIETYՀունիսի 13-ին Մարսելի 4-րդ եւ 5-րդ շրջանների ղեկավարության եւ Մարսելի հայ համայնքի միասնական ջանքերով, ինչպես նաեւ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ «Սիդի-Բրահիմ» պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն, որին հաջորդեց օրհնության ու օծման կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանաների ձեռամբ։
Միջոցառմանը ներկա էին 4-րդ եւ 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական եւ հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մարսելի 4-րդ եւ 5-րդ շրջանների հայազգի փոխքաղաքապետ Արթուր Օհաննիսյանն իր խոսքում բացատրեց խաչքարի խորհուրդը հայ ժողովրդի պատմության, մշակույթի եւ հոգեւոր կյանքում` միաժամանակ նշելով, որ խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլեւ արեւելյան քրիստոնյա այլ փոքրամասնություններին, որոնք սարսափելի փորձությունների միջով են անցել:
Մարսելի 4-րդ եւ 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլն իր խոսքում նշեց, որ խաչքարի կանգնեցման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915թ. հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության մասին` հիշատակելով, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն պարզապես այն պատճառով, որ հայ էին եւ քրիստանյա: Նա նշեց նաեւ, որ ցանկացած խաչքարի, հուշարձանի եւ, ընդհանրապես, պատմության էջերը հիշատակող եւ լուսաբանող կառույցների առկայությունը ապագա սերունդներին դաստիարակելու եւ ոգեկոչելու ամենագլխավոր միջոցներից մեկն է:
Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին խաչքարի տեղադրման առիթով` կարեւորելով վերջինիս հետեւողական գործունեությունը Ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Այնուհետեւ նա անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին եւ հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու լայնածավալ աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման շրջանակներում:
Միջոցառման ավարտին «Սահակ Մեսրոպ» երգչախմբի կատարմամբ հնչեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի պետական օրհներգերը, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:



