«Դղյակի» տիրոջ սպանության մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը
SOCIETYԳյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը կմնա կալանքի տակ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննության ժամանակ Մովսիսյանի պաշտպան Լեւոն Սահակյանը միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 14-ին, ժամը 12:00-ի սահմաններում Արա Մովսիսյանն անձնական դրդապատճառներով վիճաբանել էր Գուրգեն Ավետիսյանի հետ: Այդ ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած գործով չպարզված տեսակի ատրճանակի գործադրմամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Մովսիսյանը կրակել ու սպանել էր գործարարին:
Արա Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ այս գործով ի սկզբանե ձերբակալվել էր Գուրգեն Ավետիսյանի մանկության ընկեր Արմեն Փափազյանը,, որն աշխատում է Շիրակի հարկային տեսչությունում: Ավելի ուշ, սակայն, նա ազատ արձակվեց եւ նրա փոխարեն գործով որպես մեղադրյալ ներգրավվեց Արա Մովսիսյանը:



