Երեւան-Սեւան ճանապարհին վթարի հետեւանքով զոհերի թիվը ավելացավ 1-ով. Մանրամասներ
SOCIETYԵրեւան-Սեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է նաեւ տաքսու վարորդը՝ 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սեւանի հիվանդանոցից:
Նրան ռեոմոբիլով տեղափոխում էին Երեւան, բայց ճանապարհին մահացել է, նրա մոտ առկա էր գանգուղեղային տրավմա: 20-ամյա Մոնիկա Մարտիրոսյանին վիրահատել են Սեւանի հիվանդանոցում, նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, ունի նաեւ ողնաշարի, ոտքերի խնդիր, այժմ պետք է տեղափոխեն Երեւան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: 24-ամյա Էդվարդ Ստարոստովի վիճակը կայուն է, Սեւանի հիվանդանոցից տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա: Զոհերից մեկը՝ մինչեւ 20 տարեկան մի աղջիկ, այժմ գտնվում է հիվանդանոցի դիահերձարանում, նրա տվյալները ճշտվում են, վթարի հետեւանքով երկու զոհի էլ տեղափոխել էին Հրազդանի հիվանդանոց:
Մեզ հաջողվեց պարզվել նաեւ, որ երիտասարդները մի համալսարանի ուսանողներ էին, որոնք տաքսի էին վերցրել, եկել Սեւան՝ հանգստանալու, դեպքն էլ եղել է տունդարձի ճանապարհին:
Հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունը հունիսի 14-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհ եւ տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 77 QN 377 պ/հ (վարորդ` Ս. Շ., ծնվ.1990թ.) եւ «Օպել» մակնիշի 34 NT 986 պ/հ (վարորդ` Ռ. Ս. ծնվ.1992թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Է. Ա.-ն (ծնվ. 1991թ.) եւ Մ. Մ.-ն (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Սեւան քաղաքի ԲԿ, իսկ Տ.-ն տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարներն «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Թ.-ին (ծնվ. 1992թ.) եւ Է. Հ.-ին (ծնվ. 1990թ.), ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ եւ մահացել են:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



