Արամազդ Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչել 5-ամյա որդու սպանության մեջ
SOCIETYՀարավային Փասադենայի բնակիչ 35-ամյա Արամազդ Անդրեասայնն իրեն մեղավոր չի ճանաչել 5-ամյա որդու սպանության մեջ, որի մարմինը հայտնաբերել են հունիսի 30-ին, Սանտա Բարբարայում, հաղորդում է Daily News-ը։
Գործի առթիվ հաջորդ լսումները տեղի կունենան օգոստոսի 16-ին։ Որդու սպանության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում Անդրեասյանին 25 տարվա ազատարկում է սպառնում։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ Անդրեասյանը որդուն սպանել է կնոջը վերադարձնելու նպատակով, որի հետ ապահարզանի գործընթացն ընթանում է դատական կարգով։ Դատավորն Անդրեասյանին 10 մլն դոլարի չափվ գրավ է նշանակել։
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։ Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։
Անդրեասյան կրտսերի մարմինը հայտնաբերվել է Կաչումա լճի մոտակայքում՝ Սանտա Բարբարայում։ Իշխանությունների խոսքով՝ մահվան պատճառը պարզելու համար դիահերձում կիրականացվի։ Մարմինը գտնվել է այն օրը, երբ երեխայի հորը՝ Արամազդ Անդրեասյան ավագին Լաս Վեգասից Լոս Անջելես են արտահանձնել, որտեղ անցյալ շաբաթ նա կալանավորվել է։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արամազդ Անդրեասյան ավագն ԱՄՆ-ից պատրաստվել է մեկնել երկիր, որտեղից իրեն չէին կարող արտահանձնել։ Նա նաեւ փորձել է ինքնասպանություն գործել։



