Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի 11-րդ միջազգային գիտաժողովին կներկայացվի մոտ 50 զեկույց
SOCIETYԵրևանում հուլիսի 6-ին կմեկնարկի Հայաստանի պլաստիկ վիրաբույժների 11-րդ միջազգային գիտաժողովը, որտեղ աշխարհի առաջատար մասնագետները հանդես կգան մոտ 50 գիտական զեկույցներով և ելույթներով։ Երեք զեկույց կհեռարձակվի ԱՄՆ-ից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Երկօրյա գիտաժողովին կմասնակցեն պլաստիկ վիրաբույժներ, վնասվածքաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ և դերմատոկոսմետոլոգներ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից և Արցախից:
Գիտաժողովի շրջանակում կիրականացվի կրծքագեղձի էսթետիկ երկու ցուցադրական վիրահատություն` ուղիղ հեռարձակմամբ։
Տեղի կունենան քննարկումներ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժությունում, ինչպես նաև դերմատոկոսմետոլոգիայում նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման, վնասվածքների, հետայրվածքային վիճակների, կրծքագեղձի առողջության, ինչպես նաև դեմքի ու մարմնի այլ շրջանների տարիքային ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման վիրահատական և ոչ վիրահատական մեթոդների արդյունավետ կիրառման մասին:
Գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան(նախագահ` Արմեն Հովհաննիսյան, բ.գ.թ.)»։



