Մենք երբեք դեմ չենք արտահայտվել Սևանա լճից 100 մլն լիտր ջուր բաց թողնելուն. Արծվիկ Մինասյան
SOCIETYՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ.-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մետր խորանարդ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մետր խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնել: Բնապահպանության նախարարությունը նախագծի որոշ դրույթների հետ համաձայն չէ:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք երբեք դեմ չեն արտահայտվել 100 միլիոն խորհանարդ մետր ջուր բաց թողնելուն, եթե դրա հիմնավորումը համապատասխանի օրենքի պահանջներին:
«Այո, բնապահպանական տեսակետից ավել ջուր վերցնելը պետք է համարվի բացասական ազդեցություն. ես զարմանում եմ, թե ինչ կա այդտեղ: Պարզ է, որ ավելի մեծ ծավալի ջուր վերցնելը, քան 170 միլիոնն է, համարվում է, որ ազդեցությունը կարող է բացասական լինել: Բայց այս դիտարկումները պետք է իրականացվեն ընթացքում: Չի կարելի միանգամից հայտարարել՝ բացասակա՞ն կլինի, թե դրական»,- ընդգծեց Մինասյանը:
Ըստ նրա՝ իրենց մտահոգությունների մեջ ինտրիգ փնտրել պետք չէ և հարցի շուրջ պետք է լուրջ քննարկում լինի:



