Գեղարքունիքի մարզում սկսվել է խոտհունձը
SOCIETYՀունիսի վերջին օրերից Գեղարքունիքի մարզում սկսվել եւ ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, խոտհնձի աշխատանքները սկսվել են ցանովի խոտհարքերում, որոնք հիմնականում գտնվում են ցածրադիր գոտիներում: Գործի են դրվել ինչպես հնձող, հավաքող ու հակավորող մեխանիզմները, այնպես էլ լծկան կենդանիները, ավանդական գործիքները՝ գերանդին, եղանը, փոցխը: Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանի տեղեկացմամբ՝ այդ գյուղի ցանովի խոտհարքերի յուրաքանչյուր հեկտարից միջինը ստացվել է 1,5 տոննա բերք, ինչը կարելի է ցածր եւ անբավարար արդյունք համարել: «Ավելի շատ սպասելիքներ ունենք բնական խոտհարքերից, բայց եթե մոտակա օրերին տեղումներ չլինեն, ապա այդ սպասելիքներն էլ չեն արդարանա: Ամեն դեպքում, մարդիկ հավաքում են այն, ինչ տվել է բնությունը»,-ասաց Արմեն Ասատրյանը:
Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ գյուղի ցանովի խոտաբույսերի յուրաքանչյուր հեկտարից միջինը ստացվում է մինչեւ 2 տոննա բերք: Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանի հավաստմամբ՝ բնական ցանովի խոտհարքերից ստացվում է 1,5-2, բնական խոտհարքերից՝ 1 տոննա բերք: «Նախորդ տարվա համեմատ մոտ 50 տոկոսով պակաս է խոտի բերքը: Տարին աննպաստ էր անասնակերի համար: Գործի ենք դրել տեխնիկական բոլոր միջոցներն ու աշխատուժը, որպեսզի ժամանակին կարողանանք հավաքել բերքը, քանի որ շոգ եղանակային պայմանները յուրաքանչյուր օր նվազեցնելու են բավարար արդյունքներ ստանալու հնարավորությունները: Կարծում եմ, մինչեւ հուլիսի 25-ը ավարտած կլինենք անասնակերի բերքահավաքը»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:
Գեղարքունիքի մարզում անասնակերի բերքահավաքը կշարունակվի նաեւ օգոստոսին՝ արդեն բարձրադիր գոտիների խոտհարքերում:



