Կայացավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
POLITICSՀՀպաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանի գլխավորությամբ անցկացվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի սկզբում Հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը շնորհավորեց հոգաբարձուների խորհրդի նոր անդամի՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասնակցությունը Հիմնադրամի աշխատանքներին:
«Շատ կարևորում եմ մեր այս աշխատաոճը ինչպես լրացուցիչ միջոցներ ներգրավելու, այնպես էլ հիմնադրամի նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու առումով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունվեց նիստի օրակարգը: Այնուհետև քննարկվեց Հիմնադրամի ներքին աուդիտ իրականացնող մարմնի նշանակման հարցը: Այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկեց ԿԲ ներքին աուդիտի գործառնական բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանի թեկնածությունը:
«Արտակ Բաղդասարյանը ԿԲ ներքին աուդիտի գործառնական բաժնի վերստուգիչ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, նաև ավարտել է Ֆլետչերի իրավագիտության դպրոցը: Առաջարկում եմ, որ Բաղդասարյանն իրականացնի Հիմնադրամի ներքին աուդիտի գործառնությունները»,- ասաց Ավետիքյանը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առանց դեմ և ձեռնպահ ձայների հաստատեց Արտակ Բաղդասարյանի աշխատանքը Հիմնադրամում, որից հետո հաստատվեց նաև Հիմնադրամի ներքին աուդիտի կանոնադրությունը:



