ՀՀ-ում կրթության հիմքում պետք է դրվեն ատոմակայանի աշխատանքը, բնական գիտությունները, երկրի պաշտպանությունը. նախարար
SOCIETYՀայաստանի կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է կրթության ոլորտում անցում կատարել ազգային կրթակարգի: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և պորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտությաննախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համակարգը պետք է ընդհանուր տեսքի բերել: «Հասկանալի է, որ ցանկացած երկրի համար կրթությունը հիմնական զենքն է: Հայաստանի կրթական համակարգի հիմքում, օրինակ, պետք է դրվեն ատոմակայանի աշխատանքը, բնական գիտությունները, երկրի պաշտպանությունը: Արդեն հստակեցվել է, որ վերջին երկու դասարաններում աշակերտները ոչ թե նույն կրթական կուրսը կանցնեն, այլ կդրվի այն հիմքը, որը կուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում»,- նշեց նախարարը:
Նախարարը նաև նկատեց, որ ՀՀ-ում բնական գիտությունների զարգացմանը խանգարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ բարձր պատրաստվածություն չի պահանջվում, իսկ աշխատավարձերը բարձր են: Նա ընդգծեց, որ ՏՏ ոլորտում աշխատանքի են անցնում հիմնականում բնական գիտություններում մասնագիտացած անձինք, կատարում են ավելի ցածր որակավորման աշխատանք՝ ստանալով բարձր աշխատավարձ: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ բնական գիտությունների աշխատաշուկայում մոտիվացիա ստեղծելու անհրաժեշտություն կա:



