Սեւանը մեզ դեռ շատ բան ունի պատմելու, նրա 10 տոկոսն է ուսումնասիրված. երկրաբան
SOCIETYՍեւանը մեզ դեռ շատ բան ունի պատմելու. նա 10 տոկոսն է միայն ուսումնասիրված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Սեւանա լճի նոր հանրային լողափի բացման ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի» փոխնախագահ, երկրաբան Արա Ավագյանը:
«Օրինակ, անցած տարի 8 կմ-ի վրա դիտարկեցինք ստորգետնյա աղբյուրներ. դա հետազոտության կարիք ունի»,-հավելեց երկրաբանը:
Նշենք, որ հենց Սեւանի հանրային լողափերի պաշտոնական եւ հանդիսավոր բացման արարողության ժամանակ Բնապահպանության նախարարությունը եւ համագործակցության մասին փոխըմբռնման վկայագիր ստորագրեցին:
NEWS.am-ի հետ զրույցի ժամանակ Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ հուշագրի ստորագրումը գիտահետազոտական նպատակներ ունի: «Իրենք զբաղվում են ստորջրյա հետազոտություններով, սուզումներով, եւ մենք, իրենց հետ համատեղ, կազմակերպելու ենք ստորջրյա սուզումներ Սեւանի ընդերքը ուսումնասիրելու նպատակով՝ տեսնենք՝ ինչե՞ր կան Սեւանի տակ, հետաքրքիր չի՞ ձեզ»,-ասաց Հովհաննիսյանը:
«Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոն»-ի փոխնախագահ, երկրաբան Արա Ավագյանն էլ նշեց, որ այսուհետ Բնապահպանության նախարարության եւ իրենց համագործակցությունը, պաշտոնական հիմքի վրա դրվելով, ծառայելու է Սեւանի շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին:
«Մենք արդեն պարտավորվում ենք ստորջրյա սուզումների հետ կապված խնդիրներում աջակցել Բնապահպանության նախարարությանը, որ երբ նա ունենա որոշակի խնդիրներ, մեր փոխհամագործակցությամբ, մեր նյութատեխնիկական կարողությունների եւ մարդկային հնարավորությունների շնորհիվ կարողանանք դրանք լուծել»,- ընդգծեց Ավագյանը:



