Արամ Աթեշյանն այլևս լայն օրինավորություն չունի եկեղեցու գործերում և նաև ընտրությունների գործընթացում խառնվելու․ Սահակ Մաշալյան
SOCIETYԱրամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրոնական ժողովով պաշտոնանկ արվեց Պոլսո պատրիարքի փոխանորդի աթոռից․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ Մաշալյանը՝ նշելով, որ լրատվամիջոցները գործընթացի համար ի սկզբանե սխալ բառ էին ընտել՝ համարելով, որ Պոսլո պատրիարքի փոխանորդը կարգալույծ է արվել:
«Քանի որ Արամ սրբազանը չցանկացավ պաշտոնապես հրաժարվել, դրա համար կրոնական ժողովով նրան պաշտոնաթող արեցինք: Որովհետև ընտրական գործընթացի համար պետության հետ գործ ունենալիս պետք է պատրիարքարանի փոխանորդություն չլիներ․ կամ Արամ Աթեշյանը պետք է հրաժարական տար, կամ էլ մենք պետք է նրան պաշտոնաթող անեինք: Նա փակ ժողովում հրաժարվեց հրաժարական տալ»,- ասաց նա:
Սահակ սրբազանի խոսքով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հիմա Պոլսո պատրիարքարանում իր ծառայությունն է իրականացնում որպես սովորական եպիսկոպոս: Նա նշեց, որ դեռևս Արամ Աթեշյանը Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանին հաշվետվություն չի ներկայացրել, ֆինանսական փոխանցումներ չի արել: «Դրա համար դեռևս ժամանակ չի եղել: Առաջիկա շաբաթների ընթացքում արդեն ընտրությունների նախաձեռնակ մարմինը պետք է կազմվի, դրանից հետո արդեն Արամ սրբազանը ֆինանսական հաշվետվությունները կներկայացնի»:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը չբացառեց, որ Արամ Աթեշյանը հնարավոր է՝ ցանկանա որոշ խնդիրներ առաջացնել: «Սակայն նա այլևս լայն օրինավորություն չունի եկեղեցու գործերում և նաև ընտրությունների գործընթացում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե եթե կրոնական ժողովով հնարավոր էր Արամ Աթեշյանին պաշտոնաթող անել, ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում, նա պատասխանեց՝ դեռ առիթը չէր ստեղծվել: «Կրոնական ժողովը պետք է անցկացներ կամ պատրիարքի փոխանորդը կամ տեղապահը: Գարեգին Բեքչյանի՝ Ստամբուլ վերադառնալուց հետո այդ ժողովը եղավ»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը հույս հայտնեց, որ Պոլսո պատրիարքի ընտրությունները, վերջապես, կընթանան: «Դեռ թեկնածուները պետք է ճշտվեն, եկեղեցու տոմարները պետք է ճշտվեն, ընտրողների ցուցակը: Մի քանի ամսվա մեջ հավանաբար այս գործով պետք է հաջողություններ ունենանք: Ստամբուլի նահանգապետարան արդեն դիմել ենք՝ հայտնելով, որ պատրիարքական աթոռը թափուր է, նոր պատրիարքական ընտրություններ պետք է անցկացվեն, դրա համար տեղապահ ենք ընտրել և մոտ ապագայում ընտրելու ենք նաև նախաձեռնակ մարմին, նաև նահանգապետարանին տեղեկացրել ենք, որ Արամ սրբազանն այլևս փոխանորդ չէ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց նամակը՝ ուղղված նահանգապետարանին պարզապես տեղեկատվություն է և ոչ թե թույլտվություն՝ ընտրություններն անցկացնելու համար, ակնկալում են, որ նահանգապետարանից կշնորհավորեն ընտրված տեղապահին:



