«Շան լափ»` որպես օգնություն սիրիահայերին. «Ավելի լավ էր չուղարկեին». «Իրատես»
SOCIETY«Իրատես» թերթը գրում է.
«Թե ինչ են հասկանում Հայաստանի պատկան մարմինները հումանիտար օգնություն անվան տակ, դժվար է ասել, որովհետեւ այն, ինչ փաթեթավորվում է եւ ուղարկվում այլ երկիր, այդ մասին ոչինչ չի հիշեցնում: «Իրատեսի» հետ զրույցում սիրիահայերը պատմեցին, որ օրերս Հայաստանից սնունդ եւ հագուստ են ստացել որպես օգնություն, սակայն երկուսն էլ` չափազանց վատ որակի: «Քեսաբի ծերերին հատկացվել են սնունդ եւ հագուստ: Սնունդը ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի: ՈՒղղակի թափել ենք, խայտառակություն է: Հագուստը նույնիսկ մուրացկանները չեն վերցնում: Ավելի լավ է չուղարկեն, ամոթ է: Հայաստանի բյուջեն թալանում են` սիրիահայերին օգնություն ցուցաբերելու անվան տակ»,- մեզ հետ զրույցում ասաց քեսաբահայ Վահե Մահշիկյանը:
Պարզվում է, որ պետության գանձանակից գումարներ են հատկացվում մարդասիրական օգնության համար, իսկ թե ինչ ճանապարհով են դրանք տեղ հասնում եւ ինչի են վերածվում, դժվար է ասել: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա փող «լվանալու» ձեւերից մեկն է:
Թեման բավական խնդրահարույց է, եւ առաջիկայում «Իրատեսը» կփորձի պատկան մարմիններից պարզաբանում ստանալ, թե այդ ինչպես է ստացվել, որ պետական միջոցներով անորակ եւ անպիտան սնունդ ու հագուստ են ուղարկվել Սիրիա` որպես մարդասիրական օգնություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



