Ագրամունտին հեռացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. Արփինե Հովհաննիսյան
SOCIETYԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքվել են, սակայն դեռեւս քարտուղարություն ներկայացված չեն: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Այժմ քննարկվում է դրա քաղաքական նպատակահարմարության հարցը, որքանով է ճիշտ այժմ դա ներկայացնել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Թե երբ ստորագրությունները կներկայացվեն քարտուղարություն, դեռեւս հստակ չէ: Նշենք, որ հունիսի 30-ը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրն է եւ ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկվի աշնանային նստաշրջանի առաջին օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 27-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւը, որը թույլ է տալիս պաշտոնանկ անել ղեկավարներին, եթե պատվիրակները նրանց այլեւս չեն վստահում։ Օրակարգում սահմանված փոփոխությունները թույլ են տալիս սկսել ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողության գործընթացը։



