ԱՄՆ Գերագույն դատարանն ուրախացրել է Թրամփին
INTERNATIONAL NEWSԱՄՆ Գերագույն դատարանը, որ համաձայնել էր իր վարույթ ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մահմեդական վեց երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ արգելող հրամանագրին վերաբերող գործը, կասեցրել է ավելի ցածր ատյանի դատարանների որոշումները, որոնք արգելակել էին Թրամփի հրամանագիրը: Մյուս կողմից էլ՝ Գերագույն դատարանը մասամբ է հաստատել Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որով նախատեսում էր ժամանակավորապես արգելել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների և փախստականների մուտքը ԱՄՆ: Նախորդ օրը Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սպայսերը հույս էր հայտնել, որ դատարանն ընդհանրապես կչեղարկի ավելի ցածր ատյանների դատարանների որոշումները, սակայն, նույնիսկ այս տեսքով, նախագահ Թրամփն արեն հասցրել է այդ որոշումը Թվիթերում ազգային անվտանգության տեսանկյունից կատարյալ հաղթանակ որակել:
Այսպիսով՝ Սպիտակ տան որոշումը չի տարածվի վերոնշյալ երկրների այն քաղաքացիների ու փախստականների վրա, որոնք ամուր կապեր ունեն Նահանգներում: Այսինքն՝ անմիջական ազգականներ կամ ընկերություններ, որոնք կոնկրետ աշխատանքային հրավերներ են ուղարկել դիմումատուներին, վերջիններիս հետ փաստվող և փաստաթղթավորված գործնական հարաբերություններ ունենալով: Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին՝ դրանք առաջին հերթին հնչեցին Եմենից: «Մենք հիասթափված ենք այդ որոշումից: Կարծում ենք՝ այդ որոշումը ոչ միայն որևէ կերպ չի օժանդակի հակաահաբեկչական պայքարին, այլևս այդ պետությունների քաղաքացիների շրջանում կնպաստի թիրախավորված լինելու տրամադրությունների դրսևորմանը»,– «Ռոյթըրզի» փոխանցմամբ՝ հայտարարել է Եմենի Միգրացիոն հարցերով նախարարության ներկայացուցիչ Ահմեդ ան–Նասին:
Գոհար Սիմոնյան



