Հոլանդական բանտերը կացարանների են վերածվել փախստականների համար
INTERNATIONAL NEWSՆիդերլանդների իշխանությունները երկրի նախկին բանտերի տարածքում կացարաններ են ստեղծել փախստականների համար:
Ինչպես նշում է Euromag-ը, նման որոշում է կայացվել, քանի որ բանտերի շենքերը դատարկ են մնացել հանցավորության մակարդակի նվազման արդյունքում:
Ներգաղթյալներին ժամանակավորապես` առնվազն կես տարով, բնակեցնում են հանցագործների համար նախատեսված կալանավայրերում, քանի դեռ վերջիններս փախստականի կարգավիճակ չեն ստացել:
Ինչպես նշվում է, փախստականներն աշխատելու իրավունք չունեն, սակայն կացարաններում կարող են հոլանդերենի դասերի մասնակցել, ինչպես նաև կամավորների աջակցությամբ հեծանիվ վարել սովորել:
Նախկին բանտերից մեկում մեծ ներքին բակը վերածվել է ֆուտբոլի դաշտի: Որոշ վերափոխված բանտերում նաև մարզասրահներ կան, ինչպես նաև խոհանոցներ և բացօթյա այգիներ:
Մեկ այլ բանտում էլ վերացրել են դրսի երկար ցանկապատը, հանել փշալարերն ու խցիկների դռներն այնպես ձևափոխել, որ ներսից կողպվի և բացվի:
Երկրի արդարադատության նախարարության տվյալներով` հոլանդական բանտախցերի շուրջ մեկ երրորդը դատարկ է վերջին երկու տասնամյակում հանսագործությունների թվի անկման պատճառով:



