Արա Բաբլոյանը Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
SOCIETYՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 27-ին Սեուլում հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Կորեայի Հանրապետությունն Արևելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ուրախ եմ նկատել, որ նախորդ քառորդ դարի ընթացքում հայ-կորեական միջպետական կապերի զարգացումն ընթացել է բարեկամական մթնոլորտում՝ ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար»:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու հարցում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում պատգամավորական բարեկամական խմբերն առավել ակտիվ փոխգործակցություն կզարգացնեն՝ նպաստելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացված ծրագրի արդյունավետությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը Գործակալության հետ շարունակական կլինի:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստան-Կորեա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր կարող է ունենալ Երևանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը:
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Կորեա, կարևորել է Կորեայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված համագործակցությունը: Չոն Սե Կյունն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա հարաբերություններին և բարեկամական խմբերի գործունեությանը՝ հույս հայտնելով, որ նորընտիր խորհրդարանում ձևավորված խումբը նույնպես ակտիվորեն կհամագործակցի կորեացի գործընկերների հետ՝ նպաստելով մշակութային, կրթական, տնտեսական բնագավառներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Կարևորելով փոխայցելությունների դերը միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահը Չոն Սե Կյունին հրավիրել է Հայաստան:



