«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում յուրահատուկ ֆիլմեր են ընդգրկվել
SOCIETYԵրևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 9-ին: Այն կտևի մինչև հուլիսի 16-ը։
Կինոփառատոնի մրցութային ծրագրերն են` «Միջազգային խաղարկային մրցույթ», «Միջազգային վավերագրական մրցույթ», «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ», որը ներառում է խաղարկային լիամետրաժ, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր: Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:
«Խաղարկային ֆիլմերի մրցույթում 12 կինոնկար են ներկայացված: Զետեղվել են ֆիլմեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել տարբեր երկրներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց «Միջազգային խաղարկային մրցույթ»-ի համակարգող Միքայել Ստամբոլցյանը:
Այդ բաժնում ներկայացված են Մոհամադ Ռասուլոֆի «Ազնիվ մարդը», Զեքի Դեմիրքուբուզի «Անթեղ», Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը», Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան», Յուլիուս Շեվչիկի «Մասարիկ» և այլ ֆիլմեր:
«Մասարիկ»-ն անցյալ տարի Չեխիայում բազմաթիվ կինոմրցանակների է արժանացել:
Ստամբոլցյանի խոսքով` մի քանի տարի է, ինչ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում նշմարվում են կնոջ ճակատագրին անդրադարձող թեմաներ: Այդ թեմայով կինո են նկարահանում ինչպես կին, այնպես էլ տղամարդ ռեժիսորները:
Վավերագրական մրցույթի համակարգող Արա Խանջյանն ասաց, որ վավերագրական մրցույթում 16 ֆիլմ են ներկայացված: «Հայաստանից կա երկու ժապավեն` Արա Մնացականյանի «Դատավարություն»-ը, որը պատմում է Սողոմոն Թեհլերյանի մասին, և Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» լիբանանա-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարը: Այն մեր հայրենակիցների մասին է, ովքեր տեղափոխվում են Մարսել: Ընդգրկված է նաև թուրքական ֆիլմ, որը պատմում է հայ կնոջ մասին, ով ապրելով Թուրքիայում, փորձում է պահել հայկական ինքնությունը: Ֆիլմը կոչվում է «Դերդո մայրիկը և ընկուզենին»,-նշեց Խանջյանը:
Միջազգային վավերագրական մրցույթում ներկայացված են Տոմազո Կոտրոնեի «Արյուն և լուսին», Ռաթի Օնելի «Արևի քաղաքը», Ցվետան Դրագնևի «Գյուղացիներ», Ռաեդ Անդոնի «Ուրվականների որս» և այլ ֆիլմեր:
«Հայկական համայնապատկեր» մրցույթին մասնակցում են հայ կամ հայաստանցի ռեժիսորներ,: Ընդգրկված են պրեմիերաներ: Այս մրցույթը բազմաթիվ հետաքրքիր հայ ռեժիսորների է բացահայտում: Ընդգծեմ, որ կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան նաև քննարկել ֆիլմերը ռեժիսորների հետ»,-շեշտեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:



