ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ներարկային ճանապարհով վարակվելու տոկոսը նվազել է
SOCIETYԹմրանյութերի օգտագործմամբ ախտահարվում են բոլոր օրգանները: Առավել շատ ախտահարվում է լյարդը, սիրտանոթային համակարգը, խանգարվում է հոգեկան աշխարհը: ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ թմրանյութերը նաև ազդում են մարդու վարքագծի վրա:
«Թմրանյութ օգտագործողը սկսում է հանցավոր վարքագծով ապրել: Հիմա պատկերացրեք 6 հազար 100 հոգի առավոտյան արթնանում են ու կատարում հանցանք` այս կամ այն ճանապարհով ձեռք բերելով թմրանյութ»,-ասաց Պետրոս Սեմերջյանը: Նրա խոսքով, կան թմրամիջոցներ, որը մեկ անգամ օգտագործելով՝ անձը կարող է կախվածության մեջ ընկնել:
Ներարկային ճանապարհով թմրամիջոցների օգտագործումը կարող է լինել ՄԻԱՎ վարակի պատճառ, մեծանում է Հեպատիտ-Ց ունենալու հավանականությունը: ԱՊԵԿ (APEC) ՀԿ-ի վնասի նվազեցման ծրագրի ղեկավար Վահե Բաբախանյանը նշեց, որ ներարկային ճանապարհով ՄԻԱՎ վարակակիր դառնալու վիճակագրությունը փոխվել է:
«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի կողմից 2016 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՄԻԱՎ վարակակիրների 1 տոկոսն է ներարկային ճանապարհով վարակվել: Այնինչ, տարիներ առաջ այդ տոկոսը բավական բարձր էր»,-ասաց Վահե Բաբախանյանը: Նվազեցման պատճառներից է գերատեսչությունների, հասարակական կառույցների կողմից կանխարգելման և բուժման ծավալուն աշխատանքը:
ՀՀ ԱՆ Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի թմրամիջոցների և այլ հսկվող նյութերի կառավարման բաժնի պետ Հասմիկ Մարտիրոսյանը նշեց, որ միջազգային զեկույցների համաձայն, թմրամոլները դասական թմրամիջոցներից անցում են կատարում, այսպես կոչված, դիզայներական թմրամիջոցների: Այսինքն, երբ բաղադրությունը սինթեզվում է այլ նյութերով: Ընդգրկվում են այնպիսի նյութեր, որոնք ներառված չեն վերահսկվող ցանկերում:
«Դրա համար էլ թմրամիջոցների օգտագործման աճ է նկատվում: Այդ նոր սինթեզվող նյութերը պետությունը չի հասցնում գրանցել վերահսկվող ցանկերում: Անհրաժեշտ է, որ օգտագործվող նյութերը լինեն վերահսկվող ցանկերում: Այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, երբ շուրջ 30 անվանում դիզայներական թմրամիջոցներ ընդգրկել է հսկման ենթակա ցանկում»,-ասաց Հասմիկ Մարտիրոսյանը:



