Երբեք չենք համարել, որ երկրում քաղբանտարկյալներ չկան. Արմեն Մարտիրոսյան
SOCIETY«Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարին այսօր` հունիսի 25, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելութն սկսեց «Ազատություն քաղբանտարկյալներին» խոսքերով: Նա նշեց, որ Հայաստանում միշտ էլ եղել են քաղբանտարկյալներ, որոնց թիվն այժմ էլ ավելի է մեծացել։
«Ժառանգության» նեղ կուսակցական շահերից ելնելով երբեք չենք համարել, որ երկրում քաղբանտարկյալներ չկան: Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են երեք նախագահների օրոք եւ այժմ նրանց թիվը մեծացել է: Պատահական չէ, որ Սամվել Բաբայանը, որը համակիր էր մեզ` դարձավ քաղբանտարկյալ: Հայաստանում հերոսներին, ցավոք սրտի, մահացած վիճակում են սիրում` դրա մասին է խոսում Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի, Պավել Մանուկյանի ճաղերի հետեւում գտնվելը»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, նաեւ «Սասնա ծռեր» խմբի գործողություններին: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի քաղաքական պահանջները, որոնք նրանք բարձրաձայնել են, հասարակության առջեւ ծառացած խնդիրներ են եղել:
«Դրանք «Ժառանգության» համար շատ հոգեհարազատ պահանջներ են եղել, այդ պատճառով էլ ստեղծվեց քաղաքական խորհուրդ, որն ամեն ինչ անում էր, որպեսզի հնարավորինս խաղաղ լուծում ստանա ստեղծված իրավիճակը, նաեւ կուսակցության անդամները շատ ակտիվ մասնակցեցին խաղաղ անհնազանդության պրոցեսներին»,-ասաց նա:
Նշենք, որ «Ժառանգության» համագումարին ներկա են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Ազատամարտիկներ եւ «Ժառանգության» անդամները։



