Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների ու արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի կողմից հրապարակած տեղեկությունը բավականին խանդավառությամբ էին ընդունել ֆեյսբուքյան օգտատերերը: Նույնիսկ մեկնաբանություններ եղան, թե՝ վերջապես Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները համաձայնեցին, որ անկախ կրոնից կան նաև ազգային սրբություններ:
Հիշեցնենք, որ Ասողիկ քահանա Կարապետյանը Գառնի հեթանոսական տաճարի մասին հետևյալ հայտարարությունն էր արել.
«Գառնին հեթանոսական տաճար չէ. Գառնին հայ ազգի սրբավայրերից մեկն է: Բավական է խարխափել անգիտության խավարի մեջ. վերջապես ե՞րբ պետք է ի զորու լինենք ճիշտ կերպով ընկալելու մերազնյա պատմությունը և հայոց հավատքը (հարկ է պարզել և հասկանալ «հեթանոս» բառի իմաստը և նշանակությունը պատմական տարբեր ժամանակներում):
Հայոց Եկեղեցու համար երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան, Հայոց Եկեղեցին երբեք էլ չի մերժել նախաքրիստոնեական շրջանի մեր անցյալը: Մենք նույն ազգն ենք՝ մեր անցյալով, ներկայով և ապագայով: Մենք նույն հայությունն ենք ներկայացնում հազարավոր տարիներ` Սուրբ Արարատի լանջերի շուրջ:
Քրիստոնեությամբ մենք չհեռացանք մեր ազգի սուրբ հավատքից` լուսապաշտությունից, այլ, ընդհակառակը, կատարելապես ճանաչեցինք Իրական ու Ճշմարիտ Լույսին և խոր հավատքով ու համոզմունքով դավանեցինք ու երգեցինք` «Առաւօտ Լուսոյ, Արեգակն Արդար, առ իս Լոյս ծագեայ»:
Հետևաբար, չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք հայոց ազգային հավատքի սրբավայր: Եվ, ուրեմն, մենք ՏԵՐՆ ենք մեր պատմական ողջ ժառանգության»:
«Փաստը» «Արորդիների Ուխտ» Մեհենական խորհրդի նախագահ, քուրմ Գագիկ Հայրապետյանից փորձեց պարզել, թե իրենց համար ընդունելի՞ է արդյոք Հայ Առաքելական եկեղեցու քահանայի տեսակետը, թե՝ ոչ:
Նա նույնպես համաձայնեց, որ Գառնին ազգային է և պատկանում է բոլորին և նշեց, որ Առաքելական եկեղեցու քայլերը ցույց են տալիս, որ իրենք ճշմարտության փոքր մասն են ասում:
«Եվ դա ասում են այն ժամանակ, երբ դա իրենց հարմար է: Բայց որ Գառնու տաճարը բոլոր հայերինն է՝ քրիստոնյաներինը, մուսուլմաններինը, աթեիստներինը և մնացած բոլորինը, դա փաստ է: Եվ լավ է, որ սկսել են նման ձևով մտածել: Բայց դրան կհավատանք, եթե փորձեն մինչև վերջ անկեղծ լինել: Նույնիսկ Հռոմի Պապը Խաչակրաց արշավանքների, ինկվիզիցիայի համար ողջ աշխարհից ներողություն խնդրեց: Մեզ մոտ կրոնի մուտքը եղել է հեղաշրջմամբ, կոտորածով և ազգի ոչնչացմամբ: Եվ այդ ամենը եղել է այլազգիների կողմից: Այս քայլով կարելի է մտածել, որ նրանք վերանայում են անցյալը: Մի օր պետք է դա տեղի ունենա և որքան շուտ լինի, այնքան ավելի լավ»,– ասաց քուրմ Գագիկ Հայրապետյանը:
Բացի այդ, նա նշեց, որ հեթանոս ասելով պետք է հասկանալ «էթնոս» և «ազգ» բառերը: Քուրմը նաև հույս հայտնեց, որ կգա մի ժամանակ, երբ բոլորը մեկ սեղանի շուրջ կնստեն ու կվերանայեն հայ ժողովրդի իրական պատմությունը և ոչ թե պատմության պատառիկները:
«Տարբեր ժամանակաշրջաններում սխալներ են եղել: Եվ եթե մենք այդ սխալները չգիտակցենք, չվերլուծենք ու չշտկենք, ապա այդ սխալները սապատի նման մեր ուսերին կմնան և ողջ կյանքում կխանգարեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



