Արայիկ Աղաբաբյան. «Կարկուտի պատճառով գյուղացին բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս». «Փաստ»
INTERVIEW
«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հունիսի 12–ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի վնասները հաշվել և 3–օրյա ժամկետում ներկայացնել կառավարություն, «Փաստի» հետ զրույցում Արմավիրի մարզից ընտրված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ասում է, որ գյուղացիները հույս չունեն, որ համարժեք փոխհատուցում կլինի, քանի որ նախորդ տարիներին էլ համարժեք չի եղել փոխհատուցումը:
Նշենք, որ կառավարությունն ուշադրություն դարձրեց խնդրին, երբ կարկուտից տուժած գյուղացիները ի նշան բողոքի Արմավիրում փակեցին միջպետական ճանապարհը: Ընդ որում՝ Արմավիրի մարզում գրեթե ամեն տարի աղետալի կարկուտ է տեղում, սակայն հակակարկտային պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում: Այս անգամ տեղացած ուժեղ կարկուտը մարզի 11 համայնքի ցանկատարածության մեծ մասն ավերել է։
Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Արմավիրի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ:
– Պարոն Աղաբաբյան, Ձեր մարզում վերջերս 11 համայնք տուժեց կարկուտից, գյուղացիները բողոքի ցույցեր արեցին և վարչապետը խոստացավ օգնել: Այս պահին գյուղացիները զգո՞ւմ են կառավարության աջակցությունը, թե էլի դժգոհություն կա:
– Գյուղացիները միշտ էլ հույսով ապրող ժողովուրդ են: Իսկ դժգոհություն միշտ կա, եթե հաշվի առնենք, որ գյուղացին նախորդ տարիներին էլ նույն աղետն է տեսել, ու արդյունքում՝ ոչ մի պատասխան: Հիմա իմ մոտ կան նյութեր՝ նախորդ տարիների հանձնաժողովների ստուգումները, գնահատականները, վնասի չափը, որը պետականորեն հաշվարկվել է ու դրա արդյունքում ոչինչ չեն ստացել գյուղացիները: Հիմա էլ գյուղացին դեռ չի պատկերացնում, որ էս անգամ էլ եկան, նայեցին, գույքագրեցին վնասը, վաղը կառավարությունը ի՞նչ կնախատեսի:
– Ուզում եք ասել՝ նախորդ տարիներին փոխհատուցում չի՞ եղել Արմավիրում:
– Փոխհատուցումը կամ չի եղել, կամ էլ լինելու դեպքում զարմանալի փոխհատուցում է եղել այն առումով, որ եթե այգեգործը կարկուտի պատճառով բերքը կորցնում է, դրա փոխարեն պահեստներում առկա փտած սոխի սերմ են տալիս: Էդտեղ փոխհատուցումը ո՞րն է: Պետության՝ գյուղացու կողքը լինելը լրիվ ուրիշ բան է ենթադրում: Գյուղացին դա պետք է ռեալ զգա: Գյուղացին դեռ բերքը չստեղծած պետք է վստահ լինի, որ աղետի դեպքում պետությունն իր կողքին է ու համարժեք փոխհատուցում կստանա, բայց մեր դեպքում գյուղացու համար անորոշություն է՝ աղետի դեպքում փոխհատուցում կստանա՞, թե չէ: Նույնիսկ ոչ աղետի դեպքում էլ, երբ գյուղացին արտադրում է, նորմալ երկրներում հասկանում է, որ բերքը աճեցվեց, որոշ մասը կմթերվի կամ կիրացվի, բերքը գնողը կա, բերքը չի մնա իր վրա: Իսկ մեզ մոտ գյուղացին չի իմանում ստացած բերքը ինչ անի: Աղետի դեպքում գյուղացին առհասարակ հույս չունի, թե վաղվա օրը ոնց կլինի իր համար:
– Ասել է թե՝ չնայած կարկուտի վնասները գույքագրել են, գյուղացիները ոչ մի հույս չունե՞ն, որ փոխհատուցում կլինի:
– Ո'չ գյուղացին հույս ունի, ոչ ես: Ես էլ չունեմ հույս, որ համարժեք փոխհատուցում կտրվի:
– Սակայն չէ՞ որ վարչապետն անձամբ է խոսել դրա մասին, հանձնարարական է տվել, ասել է թե՝ վարչապետի խոսքին չեն հավատո՞ւմ:
– Ամեն տարի էլ նույն կարգի խոստումներ են եղել:
– Հնարավո՞ր է՝ բողոքի նոր ալիք բարձրանա մարզում:
– ժողովուրդը սպասում է, առաջիկայում կառավարությունը պետք է քննարկի իբր էս հարցին համապատասխան լուծում տալու համար, բայց ես էլ եմ կասկածում, գյուղացին էլ է համոզված, որ համարժեք չի լինելու
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































