Ֆրանսիայի խորհրդարան անցել են հայամետ պատգամավորներ, որոնք նշանավոր գործիչներ են. Գրիգոր Ամիրզայան
SOCIETYՖրանսիայում «Արմենիա» միության նախագահ, լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Ֆրանսիայի խորհրդարան, բացի երեք հայազգի պատգամավորներից, անցել են անձինք, որոնք հայամետ են և կարևոր նշանակությամբ գործիչներ են:
«Բայց չեմ կարող ասել, որ Ֆրանսիայի խորհրդարանական խմբակցությունները հայամետ կամ թուրքամետ են, միայն կարող եմ ասել, որ կան պատգամավորներ, որոնք հայամետ են»,- ասաց նա:
Գրիգոր Ամիրզայանը մատնանշեց, որ Ֆրանսիայի իշխանությունների մոտ էլ հայամետ տրամադրություններ կան: Հիշատակեց, որ վերջերս ընտրված Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, հայերի կողքին էր: «Ինչպես Ֆրանսուա Օլանդը կամ Նիկոլա Սարկոզին, այնպես էլ Մակրոնը խոստացավ, որ պետք է շարունակի Ֆրանսուա Օլանդի նման ամեն ապրիլի 24-ին հայ ժողովրդի կողքը լինել»,- ասաց նա:
Գրիգոր Ամիրզայանը ներկայացրեց այն պատգամավորներին, որոնք հայամետ են․ Նադյա Եսայանը, ում ամուսինն է հայ, Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, Հանրապետականներից Գայ Թեյսիերը՝ հայկական թաղամասերում մեծացած և Ֆրանսուա Լամբերտը:
Խոսելով Ֆրանսիայի խորհրդարանում հայկական հարցերի քննության մասին՝ Գրիգոր Ամիրզայանը նշեց, որ հավանական չէ, որ այստեղ Արցախյան հիմնախնդիրը քննարկվի, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և պետք է չեզոքություն դրսևորի: «Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ուղղված պահանջ է»,- նկատեց նա:
Ըստ Գրիգոր Ամիրզայանի՝ հայ համայնքի խնդիրը Ֆրանսիայում ժխտողականության դեմ պայքարն է: «Իսկ ինչը կապված է Հայաստանի կամ Արցախի հետ, Ֆրանսիայի խորհրդարանին հետաքրքրող խնդիրներ չեն: Մենք էլ միայն Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի հետ պայքարում ենք, որ Թուրքիան կամ Ադրբեջանը միջամտեն Ֆրանսիայի ներքին քաղաքական կյանքին, որ Ադրբեջանը չգնի իր դոլարներով Ֆրանսիայի քաղաքական անձանց: Մեր հայ համայնքը հսկում է նրանց»,- ասաց նա:



