Արցախի Քաշաթաղի շրջանում ողջ գիշեր պայքարել են հրդեհների դեմ
SOCIETYԱրցախի Հադրութի տարածաշրջանում հունիսի 13-ին բռնկված հրդեհը, տարածվելով դեպի Քաշաթաղի շրջանի Թովմասարի տարածք, մեծ վտանգ է ներկայացրել արդեն հասունացած ցանքատարածքների համար: Ինչպես «Արցախպրես»-ին Թովմասարից հայտնեց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, Իշխանաձորում գործող հակահրդեհային շտաբն անմիջապես արձագանքել է:
Թովմասարի, Կովսականի սարահարթերում գործող հակահրդեհային հենակետերից հրդեհի վայր են շտապել հրշեջ-փրկարարական 3 մարտական հաշվարկ: Շրջվարչակազմի ղեկավար, հակահրդեհային շտաբի պետ Սուրեն Խաչատրյանի հրահանգով հրդեհի վայր են հասել նաեւ տարածքի համայնքների բնակիչները: Ողջ գիշեր պայքարելուց հետո լուսաբացին հաջողվել է մարել հրդեհը, որը տարածվել էր մի քանի հարյուր հեկտարի վրա:
Տարածք է մեկնել նաեւ հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով շտապ խորհրդակցություն է հրավիրել պատասխանատուների հետ: Արդյունքում որոշվել է տեղերում ավելացնել անվտանգության գոտիները՝ հերկելով նոր տարածքներ: Գործադիր իշխանության ղեկավարը հրահանգել է մինչեւ բերքահավաքի ավարտը ժամանակավոր արգելել այլ մեքենաների մուտքը Թովմասար: Նա Իշխանաձորում հանդիպել է համայնքներից եկած կամավորների հետ, կարեւորել, որ հյուսիսային թեւի համայնքներն էլ են մասնակցում հակահրդեհային շտաբի աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը հորդորել է բոլորին մասնակցել շտաբի աշխատանքներին` նշելով, որ այս տարին բերքատվության համար բացառիկ է, եւ պետք է անել հնարավորը հացահատիկն անկորուստ ամբարելու համար:
Տեղում են նաեւ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:
«Շատ մեծ դժվարությամբ պայքարել ենք կրակի դեմ եւ թույլ չենք տվել, որ այն հասնի ցանքատարածքներ»,- ասաց ԱԻՊԾ տնօրեն Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ բացի ցանքատարածքներից, կրակը սպառնում էր նաեւ Արաքսավան եւ Եղեգն բնակավայրերին: Ա. Հարությունյանը նշեց նաեւ, որ այս ընթացքում հրդեհներ են բռնկվել նաեւ հանրապետության այլ շրջաններում, որոնք բարեբախտաբար ցանքատարածքներին քիչ են վնասել:



