«ԹԱԴՇԵՆ»–ի՝ Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի շահագործումն ընդլայնելու հանրային լսումներին 5 հոգի է մասնակցել
SOCIETYՀունիսի 30–ին ժամը 12.00–ին Շիրակի մարզի Բագրավանի համայնքապետարանում տեղի կունենա «ԹԱԴՇԵՆ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի ընդլայնման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը:
«ԹԱԴՇԵՆ» ՍՊԸ–ի սեփականատեր Համլետ Թադևոսյանը՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանի փեսան, միաժամանակ «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ–ի «Արարատֆուդ» գործարանի տնօրենն է:
Շիրակի մարզի Բագրավանի գյուղական համայնքի ավագանին որոշել է «ԹԱԴՇԵՆ» ՍՊԸ–ին Ավդրամանի պեմզային տուֆերի 1–ին և 2–րդ տեղամասերի հանքավայրերի շահագործման աշխատանքների նախնական համաձայնություն տալ: Հատկանշական է, որ նախորդ հանրային քննարկումներին, որ կայացել են ընդամենը մեկ ամիս առաջ՝ մայիսի 18–ին, որոշումն ընդունվել է միաձայն: Փաստաթղթում նշված է, որ հանրային լսումներին մասնակցել են «ԹԱԴՇԵՆ» ՍՊԸ–ի տնօրեն Կառլեն Ռոստոմյանը, Բագրավանի համայնքապետ Արտյոմ Պետրոսյանը և համայնքի բնակիչներ Պարթև Սահակյանը, Սարգիս Դավթյանը, Հրաչ Իսրայելյանը և Արմեն Պետրոսյանը: Ստացվում է, որ միաձայն ընդունված համաձայնությունը դա գյուղապետի և համայնքի չորս բնակիչների միաձայն որոշումն է:
Գյուղապետը առաջին լսումների ժամանակ նշել էր նախատեսվող աշխատանքների կարևորությունը համայնքի հետագա սոցիալ–տնտեսական զարգացման համար, փաստել աշխատանքների ընթացքում համայնքի բնակիչների շահերի պահպանումը: Նախագծում ասվում է, որ համայնքը տալիս է իր նախնական համաձայնությունը ընկերությանը սահմանված կարգով իրականացնելու հանքավայրի շահագործման աշխատանքները:
Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի տեղամասում նախատեսվում է իրականացնել պեմզայի արդյունահանում: Հանքավայրի տեղամասի տարածքը վարչական տեսակետից ներառված է Բագրավան համայնքում: Հաշվեկշռային պաշարներն ըստ նախնական գնահատման հայտի կազմում են 226 հազար 700 խորանարդ մետր: Տեղամասի պաշարները հաստատվել են որպես հումք երեսպատման և շինարարական քարերի արդյունահանման համար, իսկ արդյունահանման թափոնները հաստատվել են որպես հումք թեթև լցանյութերի արտադրության համար:
Բացհանքի տարեկան արտադրողականությունն ըստ պեմզային տուֆերի զանգվածի՝ ընդունվում է մոտ 3,5 հազար խորանարդ մետր: Հանքի ծառայման ժամկետը կազմում է 50 տարի: Տուֆերի արդյունահանումը նախատեսվում է կատարել տարեկան շուրջ 260 օր: Ընդերքօգտագործման թափոնների կուտակումը կկատարվի հին լցակույտերում, հարավում՝ երկրորդ տեղամասի և արևմուտքում՝ առաջին տեղամասի տարածքում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



