Թրամփ․ Օտտո Ուորմբիերի մահը «կատարյալ խայտառակություն» է
INTERNATIONAL NEWSՀյուսիսկորեական բանտում ավելի քան մեկ տարի պահված ամերիկացի ուսանողի մահը կատարյալ խայտառակություն է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ եթե Օտտո Ուորմբիերին ավելի շուտ ԱՄՆ վերադարձնեին, ապա «արդյունքը բոլորովին այլ կլիներ»։ Թրամփը հայտնել է, որ զրուցել է Օտտոյի ծնողների հետ, նշելով, որ դժվար է անգամ պատկերացնել, թե ինչերի միջով են նրանք անցել։ «Նրան վաղուց պետք է տուն վերադարձնեին»,- նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ամերիկացի Օտտո Ուորմբիերը մահացել է, Հյուսիսային Կորեայից ԱՄՆ տեղափոխվելուց մեկ շաբաթ անց։
Անցած շաբաթ Օտտոն ազատ է արձակվել Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել հայրենիք կոմայի վիճակում։ Փհենյանի վարկածով, Ուորմբիրը բոտուլիզմով է հիվանդացել բանտում, քնաբեր է ընդունել ու կոմայի մեջ ընկել ։ Դա մոտ մեկ տարի առաջ է տեղի ունեցել։ Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որին 15 տարվա ուղղիչ աշխատանքների էին դատապարտել։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նրան մեղադրել էին «հակապետական գործողությունների» մեջ, քանի որ երիտասարդը պատռել էր քարոզչական պաստառը։



