Ինձ համար երջանիկ չի կարող լինել այն կինը, ով կողքին թույլ տղամարդ ունի. Սիրանուշ Լազյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երեկ դերասանուհի Սիրանուշ Լազյանի ծննդյան օրն էր, իսկ այսօր Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ եւ տեղեկացել ոչ միայն ընտանեկան տոնական ընթրիքի մանրամասների, այլեւ մի շարք հարցերի վերաբերյալ Սիրանուշի վերաբերմունքի մասին:
«Արդեն չորս տարի է՝ մեր ընտանիքում մի ավանդույթ է գործում: Մենք չորսով՝ ես, ամուսինս եւ մեր աղջիկները պարտադիր կեսգիշերին տորթով նշում ենք մեր ծննդյան օրերը ու Աստծուն շնորհակալություն հայտնում, որ միասին ենք: Իմ ծննդյան օրն էլ բացառություն չեղավ, միայն մեկ շեղում՝ սովորաբար Սամվելն է ծննդյան տորթը բերում, իսկ այս անգամ կեսգիշերից առաջ մենք ընտանիքով գնացինք գնումների»,- ժպիտով պատմեց Սիրանուշն ու շարունակեց.
«Իսկ արդեն երեկ Սամվելն ինձ ու մեր աղջիկներին հրավիրել էր ռոմանտիկ ընթրիքի: Մենք ինչպես միշտ լավ ժամանակ անցկացրինք ու վայելեցինք օրը: Առանց չափազանցության՝ մենք հաճույք ենք ստանում, երբ չորսով ենք, հանգստանում ենք ու լիաթոք ուրախանում»:
Դերասանուհին արդեն 31 տարեկան է: Տարիքային ցանկութունների շարքում գլխավոր տեղում որդի ունենալն է.
«Աստծո գործերն անքննելի են, ոչ էլ ուզում եմ նրա գործերին խառնվել, բայց ցանկություն ունեմ որդի ունենալ, ի վերջո քույրիկներին եղբայր է պետք: Այնպես որ, բացի աշխատանքային ծրագրերից, նաեւ կրկին մայրանալ եմ պլանավորում, իսկ թե երբ, ժամանակը ցույց կտա:»,- ժպիտով նկատեց Սիրանուշը:
Դերասանուհին անկեղծորեն նշեց, որ մայրանալուց հետո իր ցանկությունները երեխաների հետ են կապված, իսկ վերջին իրադարձություններից հետո երազանքներն ավելի գլոբալ բնույթ են կրում.
«Քչերը գուցե գիտեն, որ հայրս 1990-ականներին Արաբոյի ջոկատից է եղել, պատերազմի ժամանակ նրանց խումբը անհետ կորել է եւ հայրս էլ նրանց շարքում: Մանկությունս առանց հայր է անցել, հենց փոքրուց էլ հասկացել եմ խաղաղության գինը: Այսօր իմ գլխավոր ցանկությունը խաղաղություն ունենալն է, իմ երջանկությունը մեր երկրի խաղաղության հետ է կապված,: Ուզում եմ այլեւս զոհեր չունենաք, ուզում եմ երեխաներս այս երկրում մեծանան: Գիտեք, սովորաբար ծննդյանս օրը մտապահածս երազանքների մասին ես չեմ խոսում, բայց այս անգամ կասեմ. ուզում եմ երեխաներս լավ կրթություն ստանան, լավ մարդ մեծանան հասարակության համար, քանի որ մեր երկրում միայն կրթված մարդը կարող է ապրել»,- ընդգծեց Սիրանուշը:
31-ամյա դերասանուհու երջանկության գրավականը ամուսնու ներկայությունն է կողքին.
«Կարծում եմ, նույնիսկ ամենաուժեղ կնոջ կողքին, երբ լինում է ուժեղ տղամարդ, նա երջանիկ է: Ինձ համար երջանիկ չի կարող լինել այն կինը, ով կողքին թույլ տղամարդ ունի: Ես երջանիկ եմ, քանի որ Սամվելն իմ կողքին է ամեն հարցում, նա իմ թիկունքն է, ով իմ մասին ավելի շատ է մտածում, քան ես: Իմ երջանկության գրավականն իմ ամուսինն է»,- պատմեց մեր զրուցակիցը:
Իսկ վերջում Սիրանուշ Լազյանը նշեց, որ թատրոնում արդեն պասիվ շրջան է, ունի մի քանի հեռուսատեսային առաջարկներ, որոնք դեռեւս խմորման փուլում են: Դերասանուհին ամռան ընթացքում կվայելի հանգիստը՝ պատրաստվելով նոր՝ ակտիվ աշխատանքային շրջանին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



