14 և 19 քվեով գյուղապետ են ընտրվել. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Կիրակի օրը` հունիսի 18–ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Հայաստանի 6 մարզերի թվով 9 համայնքներում:
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում 8 հազար 775 ընտրողից ընտրությանը մասնակցել է կեսը` 4522–ը, որի մեծ մասը իր քվեն տվել է գործող գյուղապետ, անկուսակցական Գագիկ Մաթևոսյասնին, իսկ մյուս թեկնածու, կրկին անկուսակցական Արմեն Քեշիշյանը ստացել է 1319 ձայն: Անվավեր է ճանաչվել 130 քվեաթերթիկ:
Կոտայքի մարզի մեկ այլ համայնքում` Պռոշյանում, 4106 ընտրող է եղել, որից ընտրության է մասնակցել ուղիղ կեսը` 2041 հոգի: 1792 ձայնով ընտրություններում հաղթել է ՀՀԿ–ական, գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը, իսկ անկուսակցական Արմենուհի Մելիքյանի օգտին քվեարկել է ընդամենը 218 համագյուղացի: Անվավեր է ճանաչվել 23 քվեաթերթիկ:
Բավական պասիվ ընտրություններ են գրանցվել Արագածոտնի մարզի Մեծաձոր համայքնում: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 135 քաղաքացիներից միայն 24–ն է ընտրության օրը ընտրատեղամաս գնացել: Արդյունքում ընդամենը 19 քվեով Մաջիտ Ամոյանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ իրեն դեմ քվեարկած ընտրողների թիվը եղել է 5:
Արարատի մարզի Սուրենավան համայնքում էլ միմյանց դեմ «դուրս եկած» հանրապետական Կարո Կարապետյանն ու ԲՀԿ–ական Վազգեն Ղազարյանը ստացել են համապատասխանաբար 796 և 469 քվե: Անվավեր է ճանաչվել 33 քվեաթերթիկ:
Գրեթե իրար հավասար պայքար է ընթացել Շիրակի մարզի Հովիտ համայնքում: Այստեղ ընտրելու իրավունք ունեցողների միայն 66 տոկոսն է իր իրավունքն օգտագործել և մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Այսպես, 265 ընտրողից 151–ը իր քվեն տվել է գործող ՀՀԿ–ական համայնքապետ Ավետիք Սերոպյանին, իսկ 114–ը` նույնպես ՀՀԿ–ական հողագործ Արարատ Սահակյանին:
Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ընտրելու իրավունք են ունեցել 538–ը, սակայն ընտրության են մասնակցել 220–ը և գրեթե բոլորը` 214–ը, իրենց վստահության քվեն տվել են միակ թեկնածու, գործող իշխանության անդամ, իրենց գյուղապետ Դավիդ Դավդյանին: Եվ միայն 6 համագյուղացի է դեմ եղել Դավդյանի վերընտրվելուն:
Շիրակի մարզի մեկ այլ համայնքում` Կարմրաքարում, ինչպես և Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում շատ քիչ քվեով է գյուղապետ ընտրվել: Կարմրաքարում 42 ընտրողից 15–ն է մասնակցել ընտրություններին որպես ընտրող և նրանցից 14–ը կողմ է քվեարկել միակ թեկնածու, ՀՀԿ–ական, գործող գյուղապետ Արթուր Մաթևոսյանին, իսկ մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում կիրակի օրը գյուղապետ է ընտրվել հանրապետական Գևորգ Ավագյանը: Նրա օգտին էր քվեարկել 69 ընտրող: Ընտրության իրավունք ունեցող 56 համագյուղացուց 44–ը ընտրությունը կատարել է հօգուտ դաշնակցական Գյուտ Ղազարյանի, իսկ 12–ն էլ` անկուսակցական Պատվական Թադևոսյանի: Եվս 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



