Միջերկրական ծովում անհետ կորել են ավելի քան 120 ներգաղթյալներ
INTERNATIONAL NEWSԱվելի քան 120 ներգաղթյալներ անհետ կորած են համարվում Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Վկայությունները, որոնք հավաքվել են Պալերմոյում Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցների կողմից, խոսում են այն մասին, որ Միջերկրական ծովում նավաբեկությունը կարող է հանգստյան օրերին հանգեցրած լինել 126 ներգաղթյալի մահվան»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչ Ֆլավիո Դի Ջակոմոն։
Սիցիլիական ԶԼՄ-ների տվյալներով՝ նավաբեկությունը տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ։ Տեղի ունեցածի մասին միջազգային կազմակերպության աշխատակիցներին հայտնել են երկու սուդանցիներ, ովքեր փրկվել ու հասցվել են Պալերմոյի նավահանգիստ։ Սուդանցիներից բացի, հաջողվել է փրկել երկու նիգերիացիների։
Վերջին 4 օրերին՝ հինգշաբթիից կիրակի, Միջերկրականի ջրերում օգնություն է ցուցաբերվել ավելի քան 4500 ներգաղթյալի։ Այս մասին հայտնում է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը։ Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 77 հազար ներգաղթյալ։ Ճանապարհին զոհվել է 1828 մարդ։



