Թուրքիան շարունակում է հուսալ, որ Հունաստանն իրենց կարտահանձնի հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներին
INTERNATIONAL NEWSԹուրքիան շարունակում է հույս տածել, որ Աթենքի դատարանը կփոխի իր դիրքորոշումն ու Թուրքիային կհանձնի 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Հունաստանի մայրաքաղաքում իր հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Յըլդըրըմը միևնույն ժամանակ ընգծել է, որ հարգում է դատարանի որոշումը, սակայն չի ցանկանա, որպեսզի Թուրքիայի կողմից հետախուզվող ու Հունաստանից քաղաքական ապաստան խնդրած զինվորականներն ազդեն թուրք-հունական հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



