Իրաքի զորքերը սկսել են Մոսուլի հին քաղաքի գրոհը
INTERNATIONAL NEWSԻրաքի բանակը հայտարարել է Մոսուլի հին քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող վերջին թաղամասի վրա գրոհի մասին: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հատուկ նշանակության զորքերը շարժվում են արևմուտքից, իսկ դաշնային ոստիկանությունը՝ հարավից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հին քաղաքում է մնում մինչև 100 հազար խաղաղ բնակիչ: Նրանց հրահանգել են հնարավորության դեպքում հեռանալ քաղաքից:
Կազմակերպության հաշվարկներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Մոսուլի արևմտյան հատվածում զոհվել է մոտ 230 խաղաղ բնակիչ: Նրանց մի մասը դարձել է օդային հարվածների և գնդակոծությունների զոհ, մյուս մասին քաղաքից փախուստի փորձի ժամանակ սպանել են ԻՊ-ի դիպուկահարները:
Նրանք, ովքեր կարողացել են փախչել, պատմել են քաղաքում կյանքի սարսափելի պայմանների մասին: Նրանց խոսքերով՝ տեղի բնակչության մոտ սպառվում է ուտելիքը և ջուրը:
Մոսուլի ազատագրման ուղղությամբ Իրաքի ուժերի գործողությունը, որն իրականացվում է ԱՄՆ-ի աջակցությամբ, շարունակվում է արդեն ինը ամիս:
Քաղաքը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հսկողության տակ 2014 թվականի ամառվանից:



