Սաուդյան Արաբիայի սահմանապահները իրանցի ձկնորսի են սպանել
INTERNATIONAL NEWSԻրանի ԱԳՆ-ն սկսել է Սաուդյան Արաբիայի առափնյա ծառայության կողմից իրանցի ձկնորսի սպանության հետաքննությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: Քասեմին նշել է, որ ներկա պահին ԱԳՆ-ն միջադեպի վերաբերյալ նախնական հաշվետվությունների է սպասում:
Tasnim-ը հաղորդում է, որ երեկ երեկոյան Իրանի ՆԳՆ սահմանապահ վարչության ղեկավար Մաջիդ Աքաբաբայը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի առափնյա ծառայությունը Պարսից ծոցի ջրերում կրակ է բացել իրանական երկու ձկնորսական նավակների ուղղությամբ: Դրա հետեւանքով ձկնորս է զոհվել:
Նրա խոսքով`սաուդցի սահմանապահները սկսել են կրակել նավակների ուղղությամբ`առանց ստուգելու արդյո՞ք դրանք հատել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանը: Նա նշել է, որ ձկնորսը սպանվել է մեջքի շրջանում հրազենային վիրավորում ստանալու հետեւանքով:
Աքաբաբայը հավելել է, որ հարձակումը հակասում է մարդասիրական սկզբունքներին`հայտարարելով, որ Սաուդյան Արաբիայի սահմանապահ ուժերին չի թույլատրվում կրակ բացել նավակների ուղղությամբ, եթե դրանք պատահմամբ հատում են թագավորության սահմանը:



