Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYԱրցախից Երևան է տեղափոխվել հունիսի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՊՆ մամուլի
քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին կարող եմ հաղորդել, որ նրանցից մեկը Մուրացանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, մյուսը` Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Երկու զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):



