ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին
SOCIETYՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական խմբի հետ՝ ամփոփելու 2016-2017թթ. համերգաշրջանի գործունեությունը եւ՛ միջազգային բեմում, եւ՛ տարբեր փառատոների շրջանակում արձանագրած նվաճումները: Նվագախբի եւ գլխավոր գործընկերոջ միջեւ ավանդույթ դարձած հանդիպումն իր ձեւաչափով դարձյալ եղել է անմիջական: Քննարկվել են եւ՛ աշխատանքային ընթացիկ, եւ՛ մասնագիտական թեմաներից մինչեւ առօրյա հարցեր՝ նոր ակնկալիքների եւ ձեռքբերումների սպասումով:
Վերջին տարիներին ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հանդես է եկել Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Լիբանանի, Ռուսաստանի եւ այլ երկրների մեծ բեմերում ու հեղինակավոր փառատոների շրջանակներում: 2016-2017թթ. համերգաշրջանում նվագախմբի համերգաշարը եղել է խիտ՝ լի հիշարժան իրադարձություններով. նվագախումբը հանդես է եկել սիմֆոնիկ, կամերային համերգներով եւ մասնակցել է միջազգային փառատոների: Առավել առանձնահատուկ է եղել սեպտեմբերին կազմակերպված՝ Արցախի Ակախության 25-ամյակին նվիրված համերգը: Համերգաշրջանը հետաքրքիր է եղել նաեւ յուրահատուկ նորարարությամբ. «Շելկունչիկ»-ի բոլորովին նոր՝ 3D ձեւաչափի ներկայացմամբ, որը թերեւս առաջինն էր ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում:
«Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ունեք կատարողական բարձր արվեստ եւ ոչ թե պարզապես ստեղծագործում եք, այլ ձեւավորում եք ճաշակ եւ կրթում սերունդներ: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության եւ այդ գործընթացին որոշակիորեն մասնակցություն ունենալու համար: Շարունակեք նույն ոգով ու եռանդով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվագախմբի անդամների հետ զրույցի ընթացքում:
Արդեն շուրջ ութ տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամուր կանգնած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին՝ որպես գլխավոր գործընկեր: Այս համագործակցության շնորհիվ նվագախումբն այսօր, հասնելով կատարողական բարձր մակարդակի, հնարավորություն ունի բուռն գործունեություն ծավալելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:



