Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջել է ազատել լրագրող Աֆղան Մուխտարլիին
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանն ընդունել է մի բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխտարլիին ու դադարեցնել նրա դեմ հետապնդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽ պատգամավորները հանդես են եկել նաև Ադրբեջանում մամուլի վատ վիճակի մասին սուր քննադատություններով:
Եվրախորհրդարանի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու մարդու իրավունքների պաշտպանների քրեական հետապնդումն ու բանտարկումը, անմիջապես ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին:
Բացի այդ, ԵԽ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին մանրամասն հետաքննություն իրականացնել Մուխտարլիի առևանգման գործով և հստակեցնել կատարվածում վրացական գործակալների ներգրավվածության հարցը:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:
Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:
Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոցը է ընդունել երեք ամսով կալանքը:
Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:



