Ինչ է կատարվում Վերահսկիչ պալատում. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի՝ ՎՊ նախագահի պաշտոնը թողնելու ու քաղաքականութամբ զբաղվելուց հետո բավական բան է փոխվել Վերահսկիչ պալատում:
ՎՊ կայքից տեղեկանում ենք, որ ՎՊ նոր ղեկավար Լևոն Յոլյանը աշխատանքից ազատել է 14 գլխավոր մասնագետի: Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում թվով 14 գլխավոր մասնագետի հաստիքի կրճատմամբ պայմանավորված, փոփոխություններ կատարելու առաջարկությամբ Վերահսկիչ պալատը դիմել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմամբ անվանացանկում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Բացի այդ, աշխատանքից հեռացել է նաև ՎՊ աշխատակազմի ղեկավարը, որը ինչպես նախկինում Լևոն Յոլյանը, բավական մոտ էր Իշխան Զաքարյանի հետ: Նոր ղեկավար է նշանակվել 38–ամյա Հայկ Ավագյանը, ով մինչ այդ աշխատել է ՎՊ–ում որպես արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետի տեղակալ, իսկ դրանից հետո եղել է «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի» վարչական և կոմերցիոն տնօրենը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել է, որ ահազանգի համաձայն՝ ՎՊ նոր ղեկավարը աշխատանքից ազատում է մոտ 30 աշխատակցի: Նրանց մի մասին կանչել և ստիպել են ազատման դիմում գրել, առանց որևէ բացատրության։ Ոմանք չեն ենթարկվել, և նրանց որոշել են ապօրինի ազատել աշխատանքից։ Այս առթիվ որևէ բան ճշտել չհաջողվեց, քանի որ ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը չպատասխանեց «Փաստի» հեռախոսազանգերին, իսկ ՎՊ–ն մամուլի խոսնակ չունի:
Իսկ ՎՊ կայքում տեղադրված պարզաբանմամբ՝ Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք կգրանցվեն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



